Աշնանը՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ Jnews-ը հարցախույզ է անցկացրել Ախալքալաքի մունիցիպալտետի Խանդո գյուղում պարզելու, թե ինչքանով են մարդիկ տեղեկացված ընտրություների մասին։
Հարցին, թե տեղյա՞կ են, որ հոկտեմբերին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված, Խանդո գյուղում պատասխան չգիտեին։ Նրանք տեղեկացված չեն ոչ միայն ընտրությունների օրվա մասին, այլև չգիտեն, թե ի՞նչ ընտրություններ են լինելու։
«Ընտրությունն ընդամենը ձևական բնույթ ունի, առանց ընտրության էլ գիտենք, ով է հաղթելու, գոնե հաղթողը՝ կուսակցությունը, մի փոքր մեր գյուղին նայի, ժողովրդի խնդիրները լուծեն», — ասացին Խանդո գրուղի բնակիչները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի այս գյուղում մարդիկ ընտրությունների փոխարեն նախընտրում են խոսել իրենց անհանգստացնող խնդիրների մասին։
Առաջնահերթ խնդիրների շարքում մատնանշում են ներգյուղական ճանապարհների քարուքանդ, ֆուտբոլի դաշտի անբարեկարգ վիճակի, և աղբամաների անբավարար թվաքանակի մասին:
«Գյուղամիջյան ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում։ Գոնե ճանապարհը հարթեցնեն։ Խաչմերուկից մինչև մեր տուն եմ հասնում ամբողջովին ջարդում եմ մեքենաս», – ասաց Խանդո գյուղի բնակիչ Էդիկ Թումասյանը։
Խնդիրների մասին բարձրաձայնելուց բացի, Խանդոյում նաև նշում են, որ անցած տարին գյուղատենտեսական առումով շատ լավ տարի էր։ Կարտոֆիլի բարձր բերքատվությունն ու վաճառքի գինը գոհացուցիչ է։
Արթուր Պապոյանը գոհ է կարտոֆիլի բերքատվությունից, բայց դժգոհում է ընդհանուր թանկացումներից:
«Կարտոֆիլի բերքատվությունը բարձր էր, բերքն ամբողջությամբ վաճառել ենք, եթե բեռնատար մեքենանները չգային, ապա մեր ունեցած բերքը կմնար և կփչանար, ինչպես անցած տարիներին։ Գյուղատնտեսական վարկերը շատ են թանկացրել, սրանից մի քանի տարի առաջ 7%-ով էին տալիս, իսկ հիմա 18%-ով։ Կարտոֆիլի նոր սերմացուի արժեքն այս տարի 4 լարի 20 թեթրի է, նախկին՝ 3 լարիի փոխարեն։ Պարարտանյութը նույնպես թանկացել է, սկզբնական շրջանում 30 լարի էր, հիմա՝ 48։ Մեկը կարո՞ղ է բացատրել ինչի հետ է կապած այս թանկացումները», – ասում է Արթուր Պապոյանը:
Եթե հողագործները խոսում ու ներկայացնում են իրենց ոլորտի խնդիրները, ապա երիտասարդներին հուզում է գյուղի ֆուտբոլի դաշտի անբարեկարգ վիճակը
«Մեր գյուղը շատ խնդիրներ ունի, բայց ամենակարևորն ինձ համար աղբամանների և ֆուտբոլի դաշտի հարցն է։ Երիտասարդները ֆուտբոլ չեն խաղում, արդեն մի տարի է դաշտն անմխիթար վիճակում է գտնվում։ Ժամանակն անցնում է, բայց ոչ մի բան չի փոխվում, դաշտը մի փոքր անհարթ էր, բերեցին հող լցրին, բայց չգիտես ինչու այդպես էլ չհարթեցրին, ո՞ւմ կամ ինչի՞ են սպասում․․․։ Ինձ համար խնդիր է նաև աղբահանության հարցը։ Աղբամանները շատ քիչ են, գյուղի մի հատվածից աղբը ստիպված տանում ենք մյուս հատված, որ կարողանանք աղբը թափել», – ասում է Մասիս Նուրջանյանը:
Jnews-ի հետ հեռախոսազրույցում Խանդո գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանն ասաց․
«Ֆուտբոլի դաշտը շատ վատ վիճակում է գտնվում, դրա համար էլ հող ենք լցրել, որ հարթեցնենք։ Նախքան հող լցնելը դաշտում մեծ քարեր կային, ինչը խանգարում էր, որ ֆուտբոլ խաղային երիտասարդները։ Այս տարի «Գյուղին աջակցություն» ծրագրով այս տարի պատրաստվում ենք ֆուտբոլի դաշտն ամբողջովին վերանորոգել»:
Jnews-ը Խանդո կատարած այցի ժամանակ ֆուտբոլի դաշտում տեսավ, թե ինչպես էր մի պատանի ջանասիրաբար մարզվում, անկախ դաշտի քարուքանդ վիճակից։