«Վրաստանի ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են սակրեբուլոյի կազմն ըստ համամասնական և մեծամասնական համակարգերի, ձեռնտու են միայն իշխող կուսակցությանը, քանի որ համամասնական համակարգի պատգամավորների թվի կրճատումը ընդդիմությանն ավելի քիչ հնարավորություն է տալիս իրենց պատգամավորներին սակրեբուլո մտցնել, հատկապես՝ շրջաններում։ Ախալքալաքի մունիցիպալիտետում, վերջին փոփոխությունների արդյունքում, պատգամավորների թիվը 42-ից կկրճատվի մինչև 38: Համամասնական պատգամավորների թիվը նույնպես կկրճատվի՝ 28-ից դառնալով 15: Սակայն մեծամասնական պատգամավորների թիվը 14-ից կաճի մինչև 25:
Ախալքալաքի ներկայիս Սակրեբուլոն, որն ընտրվել է 2021 թվականին, բաղկացած է 42 պատգամավորից. 28-ը ընտրվել են համամասնական, իսկ 14-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ 2017 թվականին Ախալքալաքում ընտրվել է 38 պատգամավոր, որոնցից 15-ը՝ համամասնական, իսկ 23-ը՝ մեծամասնական։ Վերջին փոփոխությունները վերադարձնում են 2017 թվականի ընտրական համակարգին, չնայած 2021 թվականի փոփոխությունները ընդունվել են որպես ժողովրդավարական բարեփոխումների մաս, որոնք ենթադրաբար պետք է շարունակվեին։
Նոր փոփոխությունների համաձայն, համամասնական ընտրակարգով անցնելու շեմը մնում է 4%, մինչդեռ մեծամասնական ընտրատարածքում ամենամեծ թվով ձայներ ստացած թեկնածուն դառնում է մեծամասնական պատգամավոր։ Յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքից ընտրվում է մեկ պատգամավոր։
Փոփոխություններն ընդունվել են 2024 թվականի վերջին և քննադատության են արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Նրանց եզրակացության մեջ ընդգծվում է, որ տեղական ընտրական օրենսդրության մեծամասնական բաղադրիչն ամրապնդվում է, ինչը կարող է հանգեցնել իշխող կուսակցության դիրքերի հետագա ամրապնդմանը։
Շատ փորձագետներ նաև կարծում են, որ այս փոփոխությունները նախաձեռնվել են բացառապես «Վրացական երազանքի» շահերից ելնելով։
«Համաքաղաքացիական շարժում — Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը նշում է.
«Սա անխուսափելիորեն կհանգեցնի հզոր ֆինանսական կլանների ընտրություններին մասնակցության վերսկսմանը։ Այս կլանները, որպես կանոն, միշտ աջակցում են իշխող կուսակցությանը։ Մեծամասնական ընտրակարգով պատգամավորների շնորհիվ «Վրացական երազանքը» կկարողանա, նախ, ավելի շատ ընտրողներ մոբիլիզացնել, և երկրորդ՝ ապահովել փաստացի մեծամասնություն շրջանային Սակրեբուլոներում։ Խոշոր քաղաքներում իրավիճակն ավելի բարդ է, բայց ընդհանուր առմամբ այս փոփոխությունները բացառապես իշխող կուսակցության օգտին են»։
Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Կոտե Կանդելակին նույնպես կարծում է, որ «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ է կատարում իր շահերից ելնելով, և եթե ընտրական համակարգը չփոխվի, ապա ընդդիմության մասնակցությունը ընտրություններին փաստացի անիմաստ է։
«Իշխող կուսակցությունը կհաղթի մունիցիպալիտետների մեծ մասում, քանի որ համակարգը, ընտրական օրենսդրությունը գործում է իշխող կուսակցության օգտին: Նրանք օրենսդրությունը հարմարեցրել են իրենց: Եթե միայն համամասնական համակարգ լիներ, ընդդիմությունն ավելի շատ հնարավորություններ կունենար», — ասում է Կոտե Կանդելակին:
Այսպիսով, 2024 թվականի վերջին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն արդեն մտահոգություն են առաջացնում փորձագետների շրջանում։ Մեծամասնական բաղադրիչի ամրապնդումը կարող է էականորեն ազդել տեղական ինքնակառավարման մարմիններում ուժերի բաշխման վրա, հատկապես՝ շրջաններում։