Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական աշխատանքներն այս տարի ուշացումով սկսվեցին, բայց գյուղացիները դեռ չեն անհանգստանում, նրանք կարծում են, որ ամեն ինչ կհասցնեն։ Մեր նախնական դիտարկումների համաձայն, այս տարի մունիցիպալիտետի շատ ֆերմերներ նախընտրում են հացահատիկային մշակաբույսերը, քան կարտոֆիլը։
Մունիցիպալիտետում սկսվել է նոր գյուղատնտեսական տարին։ Ամեն տարի այս ժամանակահատվածում Ախալքալաքում ցանքի գործընթացի թեժ պահերն էին լինում։ Հացահատիկն արդեն ցանված էր լինում, և ինտենսիվ ընթանում էր կարտոֆիլի ցանքսը, սակայն այս տարի ցանքի գործընթացը, երկար տևած ձմռան և անընդհատ անձրևների պատճառով, հետաձգվեց։ Գյուղատնտեսական աշխատանքները հիմնականում սկսվել են քաղաքին մոտ գտնվող գյուղերում, որտեղ ձյունն արդեն հալվել է, մինչդեռ ավելի հեռավոր, լեռնային գյուղերում այն դեռ չի հալվել։ Սակայն, ֆերմերները դեռ չեն անհանգստանում և կարծում են, որ ամեն ինչ ընթանում է նորմայի մեջ։ Մինչև մայիսի կեսերը կարտոֆիլը կարելի է ցանել։
Ֆերմեր Հովիկ Մուրադյանը, Չամդուրա գյուղից, արդեն ավարտել է հացահատկեղենի ցանքսը, բայց դեռ չի սկսել կարտոֆիլինը, քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս։ Այս տարի նա ևս հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները մեծացրել է։
«Ես ավարտել եմ հացահատիկի ցանքը, հենց որ եղանակը թույլ տա, կսկսեմ ցանել կարտոֆիլը։ Ես 20%-ով ավելացրել եմ հացահատիկի դաշտերը, կեսն աշնանն էի ցանել(ցորեն), իսկ գարին հիմա կցանեմ», — ասում է ֆերմեր և գյուղատնտես Հովիկ Մուրադյանը։
Քանի որ այս տարի հացահատիկը վաճառվում էր լավ գնով՝ մոտ 1 լարի մեկ կիլոգրամի համար, շատ ֆերմերներ որոշեցին ավելացնել հացահատիկի ցանքատարածությունները՝ փաստելով, որ հացահատիկը մեծ ծախսեր և շատ աշխատանք չի պահանջում։ Հարկ է նշել, որ գարու մեկ կիլոգրամի գինը գրեթե հավասար է կարտոֆիլի մեկ կիլոգրամի գնին։
Դիլիսկա գյուղից Վարազդատ Սալվարյանը նույնպես ավելացրել է հացահատիկի տարածքները։ Նա ավարտել է հացահատկեղենի ցանքսը և սպասում է անձրևների դադարին, որպեսզի սկսի ցանել կարտոֆիլը։ Նա կարծում է, որ ֆերմերները չպետք է անհանգստանան։
«Ես ավարտել եմ հացահատիկի ցանքը, բայց դեռ չեմ սկսել կարտոֆիլ ցանելը։ Այս տարի հացահատիկի ցանքսը 30-40%-ով ավելացրել եմ։ Ամեն ինչ ընթանում է նորմայի սահմաններում, դեռ անհանգստանալու բան չկա», — ասում է Վարազդատ Սալվարյանը։
Նրա խոսքով, Դիլիսկա գյուղում հացահատիկի ցանքը 70–80%-ով ավարտված է։
Դադեշ գյուղի բնակիչը, ով չցանկացավ անունը նշել, կարտոֆիլի դաշտերի հաշվին 1 հեկտարով մեծացրել է հացահատիկի տարածքը։
«Այս տարի հացահատիկը լավ գին ուներ, այն ավելի շահավետ է, քան կարտոֆիլը։ Հետևաբար, ես ավելացրել եմ հացահատիկի դաշտերը և կրճատել եմ կարտոֆիլինը», — ասաց նա։
Նույն գյուղից Յուրա Հարությունյանը կարծում է, որ ներկայիս գները հաշվի առնելով, ավելի շահավետ է հացահատիկ աճեցնել, քան կարտոֆիլ։
Ազավրեթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքները դեռ չեն սկսվել, բայց տեղի ֆերմերները չեն անհանգստանում, նրանք վստահ են, որ ժամանակ կունենան ամեն ինչ անելու։
Ազավրեթ գյուղի բնակիչ Բագրատ Զաքարյանը ասաց, որ ցորենը ցանել են աշնանը, իսկ գարին ցանել դեռ կհասցնեն։
«Մենք դեռ չենք ուշանում։ Դաշտերում ձյուն չկա, լրիվ հալվել է, բայց անձրևները խանգարում են աշխատանքին։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Մենք միշտ կարտոֆիլը ցանում ենք մայիսի 6-ից հետո։ Ինչ վերաբերում է ավելացմանը, մենք մշակում ենք այնքան հող, որքան ունենք։ Բացի այդ, մեր գյուղացիները դաշտեր են վարձակալում են Ղադոլար, Բուռնաշեթ, Լոմատուրցխ, Կոկիո գյուղերի բնակիչներից», — ասաց Բագրատ Զաքարյանը։
Մեծ Սամսար գյուղի դաշտերում դեռ ձյուն է նստած։ Այս գյուղում, մնացած գյուղերի համեմատ, գյուղատնտեսական աշխատանքները միշտ ավելի ուշ են սկսվում։
«Մենք դեռ չենք սկսել։ Մեզ մոտ հացահատիկ չեն ցանում, միայն կարտոֆիլ ենք ցանում, կսկսենք, երբ եղանակը թույլ տա։ Մենք անհանգստանալու բան չունենք, միշտ սկսում ենք այս ժամանակ։ Մեր հողերը քիչ են, մարդիկ ցանում են այնքան, որքան կարողանում են մշակել», — ասաց Մեծ Սամսարի բնակիչ Նասլեթ Հովհաննեսյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերում չնայած գյուղատնտեսական աշխատանքների ուշացմանը, ֆերմերները վստահ են, որ իրենց կհաջողվի ամեն ինչ ժամանակին ավարտել։ Չնայած եղանակային պայմանները փոփոխություններ են մտցրել, սակայն դրանք լուրջ մտահոգություն չեն առաջացնում գյուղացիների շրջանում։ Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների աճը բարենպաստ գների ֆոնին, վկայում է ֆերմերների շուկային հարմարվելու, և 2025 թվականի գյուղատնտեսական սեզոնից առավելագույն օգուտ քաղելու ցանկության մասին։