Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամդուրա գյուղի արհեստական աղբավայրում գերակշռում է դեն նետված, փչացած կարտոֆիլը։ Ձմռանից հետո աղբավայրը զգալիորեն մեծացել է։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ նման աղբավայրերի մաքրման համար գումար հատկացված չէ, սակայն խոստացան միջոցներ ձեռնարկել։
Չամդուրա գյուղի ծայրամասում գտնվող տարերայնորեն ստեղծված, արհեստական աղբավայրը գոյություն ունի շատ վաղուց։ Բնակիչներն այնտեղ հիմնականում փչացած կարտոֆիլն են նետում։ Աղբավայրի դիմաց ֆերմերների պահեստներն են, որտեղ նրանք պահում են իրենց կարտոֆիլը։ Աղբանոցում կարելի է տեսնել թե վերջերս նետված կարտոֆիլի պարկեր, թե վաղուց նետված ու արդեն փտած մնացորդներ, որոնց սուր, տհաճ հոտը զգացվում է նույնիսկ մինչ աղբավայրին մոտենալը:
Որոշ ֆերմերներ փչացած կարտոֆիլը հավաքում են իրենց պահեստների մոտ կամ բակերում, քանի որ չգիտեն, թե որտեղ ուտիլիզացնեն այն: Կարտոֆիլն աղբի կոնտեյներների մեջ գցելն արգելված է, քանի որ այն կարող է դրանք վնասել, իսկ այլընտրանքային լուծում դեռ չկա։
Գյուղում, կենցաղային աղբի համար, աղբի կոնտեյներներ տեղադրելուց հետո բնակիչներն իրենց աղբն այնտեղ են նետում։ Չամդուրայում 10-ից ավելի կոնտեյներներ կա տեղադրված, ու, ընդհանուր առմամբ, գյուղում մաքուր է։ Կոնտեյներները պարբերաբար մաքրվում են, և երևում է, որ բնակիչները փորձում են պահպանել մաքրությունը։ Աղբահանության համար բնակիչները մեկ անձի համար վճարում են 50 թեթրի, իսկ չորս անդամից ավելի ընտանիքները՝ 2 լարի։
Այնուամենայնիվ, արհեստական աղբավայրի խնդիրը հատկապես ամռանը և քամոտ եղանակին շարունակում է արդիական մնալ։ Փտած կարտոֆիլի գարշահոտը տարածվում է գյուղով մեկ։ Հարակից տների բնակիչները դժգոհում են, որ տհաճ հոտի պատճառով չեն կարողանում բացել պատուհանները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը ասաց․
«Մունիցիպալիտետը միջոցներ չի հատկացրել արհեստական ստեղծված աղբավայրերի մաքրման համար, սակայն մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք»։
Նա չհստակեցրեց, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվելու, սակայն կարևորեց բնակչությանը շրջակա միջավայրի աղտոտման անթույլատրելիության մասին իրազեկելու կարևորությունը, քանի որ մունիցիպալիտետը հնարավորություն չունի ամեն տարի մաքրել արհեստական, տարերայնորեն ստեղծված աղբավայրերը, որոնք կրկին ի հայտ են գալիս յուրաքանչյուր մաքրումից հետո։