Այսօր՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիի Շերատոն Գրանդ Մետեխի Թբիլիսի հյուրանոցի մեծ սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որն իրականացվեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ:
Միջոցառումն սկսվեց Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի ողջույնի խոսքով, նա նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է լինի եվրոպական հիշողության մաս:
Ոգեկոչման խոսքով հանդես եկավ Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Մաիսուրաձեն, ով կարևորեց հայ-վրացական մտերմությունն ու խոսեց դարավոր պատմության, ընդհանուր մշակույթի և եղբայրական հարաբերությունների մասին:
Խոսքով հանդես եկավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը, ով ներկայացրեց ցեղասպանությունից մազապուրծ և Վրաստանում բնակություն հաստատած հայերի մասին արխիվային նյութեր:
Երաժշտական կատարումներով հանդես եկան Ռուզան Մանթաշյանը և դաշնակահար Մամիկոն Նահապետովը:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն իր խոսքում նշեց, որ հայը մշտապես կլինի պահանջատեր, նախանձախնդրությամբ կվերաբերվի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցին:
«110 տարի է անցել պատմության սև օրվանից, որը մենք ամեն տարի հիշում, վերհիշում և ցավում ենք, պահանջելով, որ մյուսներն էլ ճանաչեն այն, որպես Հայոց Ցեղասպանություն: Արդեն 10 տարի է, որ ցեղասպանության զոհերը սրբադասվել են և մենք այլևս ոչ թե հոգեհանգիստ ենք մատուցում նրանց հոգիների խաղաղության համար, այլ աղոթում ենք նրանց, արդեն որպես սրբերի, որպեսզի նրանք բարեխոսեն Աստծո մոտ մեր ազգի ու հայրենիքի համար»:
Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ապրող հայ հասարակական գործիչներ, ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ, հոգևորականներ, երիտասարդներ և այլք: