Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատային կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի: Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մոմեր վառեցին Սրբոց Նահատակաց համար:
Պատարագիչներն էին Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը: Խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Քաղաքապետարանի, սակրեբուլոյի, մունիցիպալ կառույցների, իրավապահ և այլ պետական կառույցների աշխատակիցները, հանրային դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու աշակերտները, բանկերի, մասնավոր և հասարակական սեկտորի աշխատակիցները նույնպես ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։
Հիշատակի արարողությանը ներկա էր նաև Ախալքալաքի Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր հայր Ալեքսանդրը։
«Ցեղասպանությունն այս կամ այն կերպ ազդում է յուրաքանչյուր հայի վրա այս աշխարհում, եթե յուրաքանչյուրիս տոհմը խորապես ուսումնասիրենք, կհասնենք ցեղասպանության ժամանակ զոհված մեր հարազատներին: Ես երբ փոքր էի, դպրոցական էի, հիշում եմ, որ մեզ էքսկուրսիա տարան Ծիծեռնակաբերդ, որից հետո այցելեցինք Ցեղասպանության թանգարան։ Տարբեր ցուցանմուշների մեջ ես ընթերցեցի մի նախադասություն, որը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Եվ հիմա, այս միջոցառման ժամանակ, ես հիշեցի այն: Այս նախադասությունը ասվել է Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի կողմից. «Մենք պետք է այնպես անենք, որ վերջին հայը թանգարանում ցուցադրվի որպես ցուցանմուշ»։ Չգիտեմ՝ այս խոսքերի հեղինակը կարո՞ղ է դժոխքից տեսնել, թե ոչ, բայց հայերը չեն բնաջնջվել, հայերը հիշում են և կհիշեն ամենուրեք, իսկ արդարության քաղցն ու ծարավը կփոխանցեն սերնդեսերունդ։ Մինչև այն պահը, երբ արդարությունը կվերականգնվի։ Մինչդեռ չլինի ճանաչում և հատուցում»,- իր խոսքում ասաց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը:
«Նոր հանցագործություններ մարդկության և քաղաքակրթության դեմ»
Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային սպանդ էր։ Այդ վայրագություններն Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում իրականացվել են այդ ժամանակ իշխանության ղեկին գտնվող երիտթուրքական կառավարության կողմից։
Բռնություններին առաջին միջազգային արձագանքն արտահայտվեց 1915 թվականի մայիսին Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ, որում հայ ժողովրդի դեմ կատարվող ոճրագործությունը բնորոշվում էր որպես «նոր հանցագործություններ մարդկության և քաղաքակրթության դեմ»։ Կողմերը պայմանավորվել են, որ թուրքական կառավարությունը պետք է պատժվի հանցագործության կատարման համար։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում երկու միլիոն հայ էր ապրում։ Մոտ մեկուկես միլիոնը սպանվեց 1915-1923 թվականներին: Մնացած կես միլիոն հայերը սփռվեցին աշխարհով մեկ: Ցեղասպանությունը մի խումբ մարդկանց կազմակերպված զանգվածային ոչնչացումն է, որը պահանջում է կենտրոնական պլանավորում և դրա իրականացման համար ներքին մեխանիզմի ստեղծում։ Սա է, որ ցեղասպանությունը վերածում է պետական հանցագործության, քանի որ միայն պետությունն ունի ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել նման սխեմայի մեջ։
1915 թվականի ապրիլի 24-ին հայ բնակչության ոչնչացման առաջին փուլը սկսվեց հայ մտավորականության շուրջ հազար ներկայացուցիչների ձերբակալությամբ և բնսջնջմամբ, հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից (Ստամբուլ): Այսօր՝ ապրիլի 24-ը, աշխարհասփյուռ հայությունը նշում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Հայկական հարցի «վերջնական լուծման» երկրորդ փուլը շուրջ երեք հարյուր հազար հայ տղամարդկանց զորակոչումն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք բանակային ընկերների կողմից։
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների և ծերերի ջարդերով, տեղահանություններով և «մահվան երթերով» դեպի սիրիական անապատ, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ժանդարմների և քրդական ավազակախմբերի կողմից կամ մահացան սովից և համաճարակներից։ Բռնության են ենթարկվել հազարավոր կանայք և երեխաներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով մահմեդականացվել են։
Ցեղասպանության վերջին փուլը թուրքական կառավարության կողմից սեփական հայրենիքում հայերի զանգվածային սպանությունների և բնաջնջման ամբողջական ու բացարձակ ժխտումն է։ Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացին, Թուրքիան շարունակում է պայքարել դրա ճանաչման դեմ բոլոր միջոցներով, այդ թվում՝ քարոզչությամբ, գիտական փաստերի կեղծմամբ, լոբբինգով և այլն: