Ախալքալաքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Վարևան գյուղի բնակիչների խոսքերով՝ տարեցտարի լուծվում են իրենց խնդիրները։ Jnews-ը այցելեց Վարևան գյուղ և հետաքրքրվեց գյուղաի առօրյա հոգսերով։
Դեռ մի քանի տարի առաջ Վարևան գյուղի բնակիչներին անհանգստացնում էր խմելու ջրի բացակայության, ճանապարհների կառուցման և կամրջի վերանորոգման, մշակույթի տան ջեռուցման, փողոցների լուսավորության, աղբամաններ չլինելու և այլ խնդիրները։ Մեր այցելության ժամանակ, գյուղացիների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ թվարկված խնդիրները գրեթե լուծված են, բացառությամբ՝ մշակույթի տան ջեռուցման և փողոցների գիշերային լուսավորության, որոնք մասամբ են լուծում ստացել։
Դրանք կատարվել են թե՛ պետական ծրագրերի միջոցով, և թե՛ գյուղի բարեգործների շնորհիվ։
«Ճանապարհը լավ վիճակում է, գյուղում արդեն տեղադրված են աղբամաններ։ Լավ է, որ գյուղում այգի կա», — ահա այս խոսքերով է սկսում իր գյուղի մասին պատմել Սերոբ Աբաջյանը։
Հավելում է, որ գյուղամեջի կամուրջը, որը մի քանի տարի առաջ ոչ բարեկարգ վիճակում էր, այսօր արդեն վերանորոգված է։ Սերոբը նշում է՝ կամրջի վերակառուցման գումարն ուղարկել է իրենց ռուսաստանաբնակ համագյուղացին, իսկ աշխատանքներն իրականացվել են գյուղի երիտասարդների կողմից։
Տիրուհի Սուքիասյանն ասում է, այնուամենայնիվ գյում խնդիրներ կան, որոնք առաջնային կարևորության են։ Նրա կարծիքով, մշակույթի տան բարեկարգման և ջեռուցման հարցն առաջնային է։ Ինչպես նշում է Տիրուհի տատիկը, Վարևանցիների համար առանձնահատուկ տեղ է գրավում պարարվեստը և գյուղում կա պարի խմբակ, սակայն ցուրտ եղանակներին երեխաները չեն հաճախում պարի, քանի որ մշակույթի տունը չի ջեռուցվում։
«Գյուղ տեղ է, ամեն խնդիրն էլ կա, գյուղ չկա, որ խնդիր չլինի։ Առաջին հերթին, ինչի՞ մեր ակումբը ․․․, որ պարը սովորեն ակումբի մեջ»,- ասաց Տիրուհի Սուքիասյանը։
Հաջորդիվ, վերջինս բարձրաձայնում է փողոցների լուսավորության խնդրի մասին, նշելով, որ գյուղի ամենամարդաբնակ փողոցում գիշերային լուսավորություն չկա։ «Ամենամարդաշատ փողոցը, որը կոչվում է «Աբաջոնց մյլը», գիշերային լուսավորություն չկա», — նշեց նա։
Մանվել Սահարյանը, ով արդեն մի քանի տարի է Վարևան գյուղում պար է դասավանդում, ասում է․
«Դասերը անցկացնում ենք գյուղի մշակույթի տանը, բայց ջեռուցում չլինելու պատճառով ձմռանը դաս չենք անում»։
Չնայած նրան, որ ձմռանը պարապունքներ չեն անում, միևնույն է, երեխաները համախմբված են և դեպի առաջ շարժվելու մեծ ցանկություն ունեն։ Վառ օրինակ է այն, որ երեխաները համախմբած և կազմակերած ապրիլի 24-ին այցելել են գյուղի կենտրոնական մասում գտնվող պուրակ, որտեղ և կանգնեցված է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված փոքրիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Jnews-ը, Վարևան գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցչի՝ գյուղապետ Միշա Ստեփանյանին դիմեց հարցով, թե լուծման ի՞նչ փուլում են գտվում մշակույթի տան ջեռուցման և փողոցների լուսավորության հարցերը։
Նա նշեց, որ այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրով տրամադրված 16 000 լարին օգտագործելու են փողոցների լուսավորության հարցը լուծելու համար։ Իսկ այն փողոցները, որտեղ որ ներկայումս չկա գիշերային լուսավորություն, այս տարի կլինի և գյուղի բոլոր փողոցները կլուսավորվեն։
Իսկ ինչ վերաբերվում է մշակույթի տան ջեռուցմանը, նա ասաց․
«Մշակույթի տունը ջեռուցելու համար բավականին շատ գումար է հարկավոր, որ ջեռուցենք, ո՞վ է գումարը մուծելու»։