Այսօր՝ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհի հայությունը խոնարհվում է 1915 թվականի սուրբ նահատակների հիշատակի առաջ, Թբիլիսիում ևս օրը նշանավորվեց ոգեղենությամբ, միասնականությամբ և արդարության ձգտման կոչերով։ Վրաստանի մայրաքաղաքում, Թուրքիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ պահանջատիրական ցույց, որը նախաձեռնել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։
Ցույցը համախմբել էր հայ համայնքի ներկայացուցիչներին, ուսանողներին, հասարակական գործիչներին, երիտասարդներին ու տարեցներին։ Բոլորին միավորում էր միևնույն գաղափարը՝ հիշել, պահանջել ու երբեք չմոռանալ։ Ցեղասպանության թեմայով կազմակերպված ցուցահանդեսը հստակ հիշեցում էր՝ պատմությունը ոչ թե լռեցվելու, այլ բարձրաձայնվելու է։
Ցերեկը՝ ժամը 12:00-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ սրբադասված նահատակների։ Կարգը հանդիսապետում էր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Խորհրդավոր աղոթքի և մոմավառության ընթացքում եկեղեցում տիրում էր խորը լռություն՝ խոնարհում անցյալի ցավի, բայց նաև վերածնվող ոգու առջև։
Պահանջատիրական ցույցը մեկնարկեց ժամը 14:00-ին։ Դեսպանատան մոտ հավաքված բազմությունը բարձր էր պահում հայ ժողովրդի արդար պահանջը կոչելով՝ ճանաչում և հատուցում։
Բացի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելուց, հիշատակվեց նաև Ադրբեջանի կողմից անօրեն ձերբակալված հայ գերիներ մասին, ովքեր գտնվում են ադրբեջանական բանտերում և ենթարկվում են հալածանքների:
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը Թուրքիայի դեսպանատան առջև իր ելույթում նշեց.
«Այսօր Ադրբեջանում չեն դատում միայն նրանց, այսօր Բաքվում դատում են մեզանից ամեն մեկին, բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, իսկ մեր աչքի առաջ աշխարհը լռում է, միջազգային հասարակությունը չի արձագանքում այս անարդարությանը և այսօր ավելի քան երբևէ մենք պարտավոր ենք լինել միասնական, մենք չունենք թուլանալու և հուսահատվելու իրավունք»։
Ելույթ ունեցավ նաև հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։ Նա իր խոսքում անդրադարձավ այսօր տեղի ունեցող իրադարձություններին:
«Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում, նրանք 110 տարի, ամեն օր ոչնչացնում են մեր հազարամյա մշակութային ժառանգությունը և էլի 110 տարվա գործ ունեն, քանի մենք գլխի չենք ընկել ու չենք համախմբվել փրկելու գոնե այն ամենն ինչ մնացել է: Ես ավելին ասեմ, վերջին տարիներին Վրաստանում հակահայկական բոլոր դրսևորումների հետևում հիմնականում թուրքերն ու ադրբեջանցիներն են կանգնած իրենց միլիոններով և միլիարդներով: Նրանք չեն հանգստանա, մինչև վերջին հայը չոչնչանա այս տարածաշրջանից, մենք դա պետք է հստակ գիտենանք»:
Ցույցի ժամանակ ծածանվեց հայոց եռագույնը, հնչեցին հայրենասիրական երգեր և նաև արտասանվեցին թեմատիկ բանաստեղծություններ:
Այսօրվա միջոցառումը վկայությունն էր, որ սերունդները չեն մոռացել և չեն մոռանալու: Սա ապացույցն է այն բանի, որ հայ ը պահանջատեր է, քանի դեռ չճանաչված ու չհատուցված է արդարությունը։