Եղանակների տաքանալուն պես Տավշանկա հանգստյան գոտին մարդաշատ է դառնում։ Տաղավարները նույնիսկ չեն բավարարում այցելուների քանակին։ Հանգստյան գոտու մուտքը մինչև երեկ լի էր աղբով, իսկ տաղավարների տարածքը հիմա էլ աղբով է պատված։ Չնայած Սապսարկման կենտրոնից վստահեցնում են, որ առաջիկա օրերին ամբողջովին կմաքրեն տարածքը, սակայն սա ոչ միայն տարածքի աղտոտում է, այլ անդառնալի վնաս է բնությանը։
Jnews-ի աշխատակազմի նախաձեռնությամբ երեկ մաքրման աշխատանքներ իրականացվեցին Տավշանկա հանգստյան գոտու տարածքում։ Նպատակն էր փորձել մարդկանց ոգեշնչել մասնակիցը դառնալու հարազատ քաղաքի ու գյուղի մաքրմանը, ինչպես նաև կոչ անել հանգստյան գոտու տարածքում հանգստացողներին՝ իրենց հետևից հավաքել աղբը:
Տավշանկա հանգստյան գոտին ամբողջովին աղբով էր պատված: Աղբի մեջ ամենաշատը պլաստիկե տարաներ ու պոլիէթիլենային տոպրակներ են, որը քամին հեշտությամբ տարածում է։
Դեպի հանգստյան գոտի տանող ճանապարհը, մոտավորապես մեկ հեկտար տարածքը Jnews-ի անձնակազմի կողմից մաքրվեց աղբից։
Մաքրման աշխատանքներ իրականացնելիս Jnews-ը երկու հետաքրքրական փաստ է արձանագրել։
Երբ Jnews-ի աշխատակիցները հասել են Տավշանկա հանգստյան գոտի, այդ ժամանակ երկու տղամարդ շշերը բերաններին ինչ որ բան խմելիս են եղել, նրանք անակնկալի գալով արագ նստել են մեքենան ու հեռացել։
Բավական ժամանակ անց նրանց է մոտեցել մեկ այլ մեքենա։ Մեքենայի վարորդը նախ շնորհակալություն է հայտնել տարածքը մաքրելու համար, այնուհետև հետաքրքրվել՝ թե ովքեր են և ում նախաձեռնությամբ են աղբ հավաքում։ Վերջինս նաև ասել է, որ ինքը ևս ընկերների հետ մի քանի անգամ մաքրել է այս տարածքը, բայց անօգուտ, մարդիկ միևնույն է թափում են աղբը ուր պատահի։
«Մեր ժողովուրդը սովոր չէ իր հետևից աղբը մաքրել, որտեղ պատահի թափում են», — ասել է նա։
Ձմռանը Տավշանկա հանգստյան գոտին չի մաքրվում Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից։ Սակայն եղանակները տաքանալուն պես Կենտրոնը սկսում է աղբահանությունը։
«Ամեն շաբաթ հավաքում ենք աղբը, ամեն երկուշաբթի օր ենք մաքում, քանի որ սեզոնը բացվելուն մարդիկ հիմնականում շաբաթ-կիրակի օրերին են գնում հանգստի։ Իսկ երկուշաբթի օրերին բոլոր տաղավարները մաքրել ենք տալիս, եթե չհավաքենեք, չեք պատկերացնի ինչ կլինի», — ասաց Մխիթար Ռստակյանը։
Հանգստյան գոտում աղբի տարածման պատճառներից մեկը հենց աղբամանների բացակայությունն է։ Այդ պատճառով էլ պոլիէթիլենային տոպրակները հասել են մինչև անտառի խորքերը։ Բանն այն է, որ ձմռան ընթացքում Սպասարկման կենտրոնը աղբամանները հանում է, և տեղադրում է միայն եղանակները տաքանալուն պես։
«Մի երկու օրից աղբամաններ կտեղադրենք, աղբամանները ձմռանը հանել ենք, քանի որ կարող են գողանալ, մի աղբամանը 2000 լարի է, պատկերացրեք եթե տանեն», — ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ աղբը թափելն ու հավաքելը սովորական երևույթ է, բայց այն անդառնալի վնաս է հասցնում մայր բնությանը։ Չքայքայվող աղբը աշխարհին կանգնեցնում է էկոլոգիական աղտեի առջև։