Վրաստանում, տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունների մասնակցության և նրանց հնարավորությունների մասին, Jnews-ը զրուցել է Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Կոտե Կանդելակիի հետ։
Արդեն մի քանի ամիս է, ինչ ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ են անցկացնում պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ ու քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Ընդդիմադիր կուսակցությունները դեռ հստակ չեն հայտարարել մասնակցելու են այս տարվա ՏԻՄ ընտրություններին, թե ոչ։ Այդ մասին այս պահին հայտարարել է միայն «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը։
Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Կոտե Կանդելակին կարծում է, որ եթե ընտրական համակարգը չփոխվի, ապա ընդդիմության մասնակցությունն ընտրություններին ըստ էության իմաստ չունի։
«Որևէ շանս չկա, եթե դրան նայեք այսօր: Եթե մինչև ամառ ինչ-որ բան չփոխվի, դժվար է ինչ-որ բան ասել: Նրանք իրենք էլ չգիտեն՝ կմասնակցեն, թե ոչ: Որոշ կուսակցություններ շատ հստակ ասում են, որ չեն մասնակցի մինչև խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն և բանտարկյալները չազատվեն: Իմ կարծիքով, հարկավոր է, որ 2020 թվականի համակարգը վերադառնա»,- ասում է Կոտե Կանդելակին:
Անցած տարեվերջին «Վրաստանի Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարվեցին, ըստ որոնց՝ մեծամասնական պատգամավորների թիվը սակրեբուլոյում կավելանա, իսկ համամասնականը՝ կնվազի։ Նոր փոփոխություններով սակրեբուլոյում պետք է լինի 15 համամասնական պատգամավոր, մնացածը՝ մեծամասնական։
Նշենք, որ 2021 թվականի ընտրություններում ևս ՏԻՄ օրենսգրքում տեղի ունեցան փոփոխություններ, և 38-ի փոխարեն ընտրվեց 42 պատգամավոր։ Այդ ժամանակ մեծամասնական պատգամավորների թիվը 23-ից կրճատվեց 14-ի, իսկ համամասնական ընտրակարգով պատգամավորների թիվը դարձավ 28, նախկին 14-ի փոխարեն։
Այժմ առաջիկա ՏԻՄ ընտրություններում վերադարձ է տեղի ունենում նախկին համակարգին։ Բազում փորձագետների կարծիքով, «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրական օրենսդրության մեջ այս փոփոխությունները մտցնում է ելնելով իր շահերից։
Կոտե Կանդելակիի խոսքով, «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունն այնքան էլ հստակ չի խոսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրենց մասնակցության մասին։ Հարցին, թե ինչ կլինի, եթե ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեն ՏԻՄ ընտրություններին, Կանդելակին պատասխանում է.
«Եթե ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեն, ապա կլինեն այլ կուսակցություններ: Հիմնականում նրանց համար դժվար կլինի մեծ քաղաքներում: Ընդդիմությունը հաջողության կհասնի այնտեղ, հիմնականում 2/3 սա ոչինչ չի փոխի: Իշխող կուսակցությունը կհաղթի մունիցիպալիտետների մեծ մասում, քանի որ համակարգը, ընտրական օրենսդրությունը խաղում է իշխող կուսակցության օգտին: Նրանք օրենսդրությունը հարմարեցրել են իրենց: Եթե միայն համամասնական ընտրակարգ լիներ, ընդդիմությունն ավելի շատ շանսեր կունենար»,- ասում է Կոտե Կանդելակին։