Թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ) տարածքում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Շինարարությունն իրականանցող ընկերության աշխատակիցները բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացնում։
Շինարարությունն իրականացնում է «IKB Build» ընկերությունը՝ 1 657 000 լարիով։ Մանկապարտեզի կառուցումը պետք է ավարտին հասցվեր մինչև 2024 թվականի ավարտ, բայց մի քանի անգամ վերջնաժամկետը հետաձգվել է։
Պարզելու համար, թե ինչ փուլում են գտվում աշխատանքները և երբ կավարտվեն, Jnews-ը եղավ նորակառույց մանկապարտեզում, որտեղ խոսեցինք աշխատողներից Գուրամ Աբուլաձեի հետ։
Վերջինս ևս նշեց, որ մանկապարտեզի կառուցումը պետք է ավարտին հասցվեր, բայց եղանակային վատ պայմանների պատճառով, այն ձգձգվել է։
«Մնացել է միայն ավարտին հասցնել մայթերի բարեկարգումը, մնացած բոլոր աշխատանքները (շենքի կառուցման, նորոգման, ջրամատակարարման, խաղահրապարակների, գույքի, ջեռուցման, էլէկտրոէներգիայի և այլ ) արդեն վերջացված են», — ասաց Գուրամը։
Նրա խոսքով, մայթերի բարեկարգման վրա այս պահին աշխատում է 4 հոգի։
«Հնարավոր է, որ աշխատանքները մի շաբաթից ավելի տևեն, քանի որ քաղաքապետարանի հետ համաձայնության նոր են եկել։ 2 օր է աշխատանքները դադարեցված էին, Զատիկ էր։ Հետո էլ, եղանակը լավ չէր։ Թեկուզ մի քիչ էլ անձրև գա, չենք կարող աշխատել», — հավելեց Գուրամ Աբուլաձեն։
Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է՝ քաղաքի երեխաները հիմա հաճախում են գյուղերի մանկապարտեզներ։ Երբ նորակառույց մանկապարտեզը շահագործման հանձնվի, այդ ժամանակ կհաճախեն նոր մանկապարտեզ։
Իսկ այն հարցին, թե, այն երեխաները, ովքեր հիմա չեն հաճախում ոչ մի մանկապարտեզ, իրավունք կունենան նոր մանկապարտեզ հաճախելու, Անահիտ Ասատուրյանը պատասխանեց․
«Եթե տեղերի քանակը բավարարի, ապա՝ այո։ Նոր մանկապարտեզը մոտավոր 160 երեխայի համար է նախատեսված»։
Հիշեցնենք, որ, ըստ մրցութային փաստաթղթերի՝ նոր մանկապարտեզի շենքը ներառում է՝ կենտրոնական նախամուտք, սրահ, հանդերձարան, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց, խոհանոց, տնօրենի աշխատասենյակ, պահեստասենյակ, սպիտակեղենը պահելու սենյակ, դահլիճ (երաժշտության և ֆիզիկական պարապմունքների համար), գույքի պահեստարան, բժշկական գրասենյակ/մեկուսարան, արդուկի և լվացքի սենյակներ, մաքրուհու համար սենյակ սանհանգույցով և ախտահանիչ նյութերի պահեստով, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարություններ սանհանգույց, հանգստի սենյակ և անվտանգության աշխատակիցների սենյակ: