նորություններ 22 Ապրիլի, 2025 • Բազմահարկ շենքի ճակատային մասն ու ավտոկայանատեղին վերջիվերջո կվերանորոգվի

Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման համար արդեն վեցերորդ անգամ հայտարարված մրցույթը կայացել է։ Ընթանում է ընտրության/գնահատման գործընթացը։

Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատի և հարակից տարածքի «չարաբաստիկ» վերակառուցման մրցույթը հայտարարվել էր ապրիլի 4-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն էր։ Մրցույթի գումարը կազմում էր 259 578 լարի։ Նախնական մրցույթը շահել է Ախալքալաքում գրանցված «Գոլդ-777» ընկերությունը՝ առաջարկելով 254 հազար լարի գումար։

Այս մրցույթը Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից հայտարարվել է 6 անգամ և դադարեցվել մասնակիցների բացակայության պատճառով։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ավելի վաղ Jnews-ին հայտնել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցել է շինարարական ընկերությունների հետ՝ հասկանալու, թե ինչու նրանք չեն մասնակցում մրցույթին։ Նրա խոսքով, այդ ժամանակ երկու պատճառ է բացահայտվել, սակայն դրանց թվում նախագծի հետ կապված խնդիրներ չեն եղել:

«Մի քանի շինարարներից մենք հետաքրքրվել ենք, ոմանք պատասխանեցին, որ դժվար է հաղորդակցվել բնակիչների հետ, ոմանք էլ պատասխանեցին, որ ֆասադային աշխատանքը դա բարդ աշխատանք է: Բայց այս անգամ հուսով ենք, որ մասնակիցներ կլինեն: Մինչ այս ոչ ոք չէր մասնակցում, այդ թվում՝ այլ վայրերից: Թբիլիսիի խոշոր ընկերություններին ուղղակի ձեռնտու չէր, նրանց համար գումարը փոքր է»,- այդ ժամանակ բացատրել էր նա:

Նշենք, որ 5-րդ անգամ մրցույթը հայտարարվել էր մարտի 11-ին: Հինգերորդ մրցույթի հայտերի ընդունումը ավարտվել էր մարտի 24-ին, սակայն` անարդյունք։

Հիշեցնենք, որ Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման մրցույթը հայտարարվել է չորս անգամ։ Առաջին անգամ աշխատանքների մրցույթը հայտարարվել էր 2024 թվականի հուլիսի 24-ին, երկրորդ անգամ՝ օգոստոսի 1-ին, երրորդ անգամ՝ օգոստոսի 16-ին, չորրորդ անգամ՝ նոյեմբերի 26-ին, հինգերորդ անգամ՝ 2025թ. մարտի 11-ին: Այդ ժամանակ հատկացված գումարը նախորդ մրցույթների համեմատ ավելացվել էր՝ 259 578 լարի՝ 248 897 լարիի փոխարեն։ Բոլոր 5 անգամները մրցույթը տապալվել է մասնակիցների բացակայության պատճառով։

Ազատության փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքը գտնվում է Nane Mall-ի դիմաց։ Վերականգնման շրջանակներում նախատեսվում է շենքի ճակատային հատվածի կոսմետիկ վերանորոգում, վերանորոգել ճաղապատ պատշգամբները, տեղադրել նստարաններ և լուսավորություն։ Ինչպես նաև, ըստ մրցույթի՝ նախատեսվում է ազատել շենքի դիմացի տարածքը ավտոկայանատեղի կառուցելու համար՝ կրճատելով մայթը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝