Շուրջ երեսուն տարի Դիլիկսա գյուղից քիչ հեռու գտնվող ձորը գյուղացիների համար ծառայում է որպես աղբավայր։ Չնայած 2017 թվականից սկսած գյուղացիները կենցաղային և այլ տեսակի աղբը թափում են աղբամանների մեջ, բայց աղբավայրը չի վերանում, ավելին՝ այս տարի աղբավայր է թափվել հարյուրավոր տոննաներով փչացած կարտոֆիլ։
Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանի խոսքով, Դիլիսկայի աղբավայրը մունիցիպալիտետի ամենամեծ աղբավայրերից մեկն է, որը մաքրելը ոչ միայն տեխնիկապես է բարդ, այլև լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Աղբավայրը շատ անհարմար տեղ է՝ գտնվում է ձորի բերանին և այն մաքրելը բարդ հարց է, քանի որ տեխնիկան չի կարող այնտեղ հանգիստ աշխատել։
«Դիլիսկայի աղբավայրի հարցը բարդ է։ Այն վերացնելը ոչ միայն մեծ գումարների հետ է կապված, այլև այդտեղ տեխնիկա չի կարող մտնել, գիտեք աղբավայրը ձորի մեջ է։ Կոնկրետ որոշում չունենք, թե ինչպես ենք լուծելու այս աղբավայրի հարցը։ Ամենավատ տեղերը վերացան, Ալաստան ունեինք վերացավ, Բեժանոն գրեթե վերացավ, Խանդոն փակեցինք, ճիշտ է հիմա Խանդոյում նորից կարտոֆիլ են լցնում, որն իմ կարծիքով, մեծ խնդիր չէ։ Հիմնախնդրային է Դիլիսկան, մեծ հարց է, առաջվա լցված աղբ է, նույնիսկ Խանդոյից հին», — ասաց Քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Դիլիսկայի ձորի տարածքում գարշահոտություն է տիրում: Թռչուններն ու շները քարշ են տալիս և տարածում կուտակված աղբը: Գյուղացիներն ասում են՝ իրենք աղբը լցնում են աղբամանների մեջ։
«Այս տարի ստիպված եղանք փչացած, հոտած կարտոֆիլը լցնել այդտեղ։ Կային մարդիկ, ովքեր սեփական տարածքներում հոր փորեցին ու այնտեղ լցրին, բայց մարդիկ էլ կային, որ տեղ չունեին ստիպված մեշոկներով կարտոֆիլը տարան աղբավայր», — ասաց գյուղի բնակիչներից Մարտին Մարաբյանը։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տվյալներով, սկսած 2017 թվականից Դիլիսկա գյուղում կանոնավոր աղբահանություն է իրականացվում։ Եթե սկզբնական շրջանում աղբամանները տեղադրված էին միայն գյուղի կենտրոնական ճանապարհին, ապա այսօր աղբամանները տեղադրված են ամբողջ գյուղով մեկ։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի Մխիթար Ռստակյանն ասում է․
«Դիլիսկայի աղբավայրը տասնամյակների պատմություն ունեցող ախբավայր է, հիմա այդտեղ աղբ չի թափվում, որովհետև գյուղում շարած են աղբամանները։ Վերջերս նորից ավելացրինք աղբամանների քանակը, եթե չեմ սխալվում 46 աղբաման ունենք տեղադրած։ Նորմալ աղբահանություն ենք իրականացնում, կարող եմ ասել, որ նոր աղբ չի թափվում գյուղի աղբավայր, միայն այս տարի կարտոֆիլն են լցնում, քանի որ դա աղբավայրը չի ընդունում»։
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի՝ բնապահպանական տեսանկյունից և իրենց ունեցած ֆինանսական միջոցներով ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս մեր բնությունը մաքուր լինի և մարդկանց առողջությանը վնաս չհասցվի։
Ախալքալաքի մունիցիպալիտետը տարիներ շարունակ պայքարում է որպեսզի գյուղերում, ձորերում ու ճանապարհներին այլևս աղբակույտեր չլինեն, որպեսզի աղբահանությունը կանոնավոր կերպով կազմակերպվի։ Սակայն ամեն անգամ նոր խոչընդոտների է բախվում, ինչպես եղավ օրինակ Խանդո գյուղի աղբավայրի դեպքում։ Ինչպես Jnews-ը ավելի վաղ գրել էր, մարդիկ ստիպված նորից Խանդոյի փակված աղբավայր են թափում հարյուրավոր տոննաներով փչացած կարտոֆիլը, քանի որ այն թափելու այլ տեղ չունեն։ Իսկ Դիլիսկային աղբավայրի ճակատագիրն անորոշ է։ Տեղական իշխանությունը դեռ կոնկրետ որոշում չունի այս հարցի վերաբերյալ։