Հանրակրթության նոր ծրագրի շրջանակներում Վրաստանի դպրոցներում չինարենը նախատեսվում է սահմանել որպես երկրորդ օտար լեզու։ Չինարենի պաշտոնականացված ներմուծումը դպրոցներ առաջացրել է բազմաբնույթ արձագանքներ։ Ախալքալաքի Բուռնաշեթ գյուղից Զինա Կուրղինյանը մասնագիտությամն սինոլոգ է, և հստակ դիրքորոշում ունի այս նորության վերաբերյալ։
Զինան սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի Հեռավոր-Արևելք-չինագիտություն բաժնում։
«Չինարենն ապագայում կարող է օգտակար լինել որոշ մասնագիտությունների համար, բայց կարծում եմ, որ Վրաստանում այն պարտադիր դարձնելը ճիշտ չի լինի, հատկապես այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին Ջավախքն է», — ասում է Զինան։
Նա ընդգծում է, որ բազմաթիվ աշակերտներ արդեն իսկ դժվարությամբ են յուրացնում պետական լեզուն՝ վրացերենը, և միջազգային հաղորդակցության հիմնական լեզուն՝ անգլերենը։
«Եթե այդ հիմքերն ամուր չեն, ապա նոր լեզվի ավելացումը կարող է ոչ թե օգնել, այլ ավելորդ բեռ դառնալ», — նշում է նա։
Զինան ինքն է ընտրել չինարենը՝ մեծ ոգևորությամբ ու գիտակցումով, որ դա բարդ և երկարաժամկետ ուսուցման գործընթաց է։ Նրա խոսքով, չինարենն ունի տոնային համակարգ, հազարավոր հիերոգլիֆներ, և այն պահանջում է շատ համբերություն, հետևողականություն ու ներշնչվածություն։
Չինարենն իր կառուցվածքով և մշակութային համատեքստով զգալիորեն տարբերվում է սովորական եվրոպական լեզուներից։ Հետևաբար, լեզվի ուսուցումը պահանջում է ոչ միայն մասնագիտացված ուսուցիչներ, այլ նաև համապատասխան մոտեցում՝ հարմարեցված աշակերտների տարիքային, մտավոր և լեզվական ունակություններին։
Զինայի կարծիքով՝ կրթական համակարգը պետք է առաջնորդվի անհատական մոտեցմամբ, ոչ թե ուղղորդված պարտադրանքով. «Մեր նպատակը պետք է լինի ոչ թե ավելացնել լեզուներ՝ պարզապես ավելացնելու համար, այլ ապահովել իրական ու ամուր կրթական հիմքեր՝ ըստ աշակերտի կարիքների ու հնարավորությունների»։
Չինարենը կարող է դառնալ մի հզոր գործիք այն երիտասարդների համար, ովքեր ունեն հստակ պատկերացում իրենց ապագայի վերաբերյալ՝ կապված Չինաստանի, արևելագիտության կամ միջազգային հարաբերությունների հետ։ Սակայն բոլոր աշակերտներին նույն կրթական մոդելը պարտադրել՝ առանց նախապայմանների գնահատման, կարող է հակառակ ազդեցություն ունենալ։
Հաշվի առնելով կրթական բազմազանությունն ու տարբեր տարածաշրջանների հնարավորությունները, Զինայի տեսակետը հիշեցնում է կարևոր մի սկզբունք՝ կրթությունը պետք է ծառայի անհատի զարգացմանը, ոչ թե վերածվի անորոշության ու ավելորդ բեռի։
Կիսվելով իր պատմությամբ, Զինան ասում է, որ չինարենի ընտրությունն իր համար պարզապես մասնագիտական որոշում չէր։ Դա ներքին կանչ էր՝ դեպի մի աշխարհ, որը և՛ բարդ էր, և՛ գրավիչ։ Ընտանիքի աջակցությունն այս ճանապարհին վճռորոշ է եղել մեր հերոսուհու համար։ Նրա հայրը և պապիկը ոգևորությամբ ընդունել են Զինայի ընտրությունը։ Բայց ընտանիքից դուրս շատերը թերահավատությամբ են վերաբերվել՝ կասկածի տակ դնելով նման մասնագիտության գործնական կիրառելիությունը Ջավախքում։
«Այսօր ես ինձ ճիշտ տեղում եմ զգում։ Սիրում եմ իմ մասնագիտությունը։ Ամեն դասից դուրս գալիս լիցքավորված եմ լինում։ Ծանոթներիցս մեկը մի անգամ ասաց՝ «Զինա, քեզ նայելով հասկանում եմ՝ ճիշտ ուղղու վրա ես։ Քո աչքերի փայլը խոսում է ամեն ինչի մասին»։ Ես այս ուղին ընտրել, որովհետև հեշտ չէր։ Ընտրել եմ, որովհետև սա իմ ուղին էր։ Սինոլոգիան դժվար է՝ լեզուն էլ, մշակույթն էլ, մոտեցումն էլ, բայց իմ ներսի կրակը ավելի ուժեղ է, քան բոլոր դժվարությունները միասին։ Երբ համարձակվում ես լսել ինքդ քեզ, ոչ մի կարծիք չի կարող քեզ շեղել», — ավելացնում է Զինան։
Չինարեն սովորելու գործընթացը Զինայի համար դարձել է ինքնաճանաչման, համառության և նվիրումի ճանապարհ։ Նա գիտակցում է, որ այս լեզուն յուրացնելու համար անհրաժեշտ է անսահման համբերություն, կենտրոնացում ու խորը մոտիվացիա։
Չնայած այն հանգամանքին, որ Զինան իր ապագան չի պատկերացնում Ջավախքում, սակայն իր համայնքի զարգացումն ու առաջընթացը նրա համար կարևոր առաջնահերթություն է։ Նա ցանկանում է ապագայում իր գիտելիքներով ու փորձով ներդրում ունենալ տեղի կրթական ու երիտասարդական ոլորտներում, ոգեշնչել ու աջակցել նոր սերունդներին։