Այսօր՝ ապրիլի 19-ին, և Հայ Առաքելական Եկեղեցին, և Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում են Զատկի Ճրագալույցը։
Քրիստոսի թաղման հիշատակի օրը, և մեծ Զատիկին նախորդող վերջին օրը կոչվում է Սուրբ կամ Ավագ Շաբաթ։
Ավագ Շաբաթը նվիրված է Հիսուսի չարչարանքների, մահվան և թաղման հիշատակին։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ Նրա Մարմինն իջեցրին խաչից, դրեցին քարայրի մեջ՝ մուտքը փակելով մեծ քարով: Երեք օր անց աշակերտները եկան գերեզման, որպեսզի Տիրոջ մարմինն օծեն անուշահոտ յուղերով, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:
Քրիստոս հարություն առավ երրորդ օրը, ինչպես որ ինքն ասում էր. Փրկչի հոգին թողեց իր մարմինը գերեզմանում և իջավ դժոխք ազատելու արդար հոգիներին, նրանց համար բացելու «դրախտի դարպասները» և ցրելու խավարը:
Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել:
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:
Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը:
Ավագ Շաբաթ օրը երեկոյան մատուցվում է պատարագ, որից հետո ավետվում է Քրիստոսի Պայծառ Հարության ավետիսը ու ավարտվում է Մեծ Պահքը։
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Մեզ և Ձեզ մեծ ավետիս