2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ, եռակողմ հանդիպում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։
Ինչպես նշվում է համատեղ մամուլի հաղորդագրության մեջ, հանդիպման սկզբում մասնակիցները՝ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը, ողջունեցին Հարավային Կովկասի երեք երկրների ներկայացուցիչների առաջին եռակողմ հանդիպումը և նշեցին, որ երեք երկրներն ունեն համագործակցության չօգտագործված ներուժ, որը պետք է հիմնված լինի միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են եռակողմ համագործակցության զարգացման հարցերը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ տարածաշրջանում կայուն տնտեսական աճը և բարգավաճումը խթանելու նպատակով։ Բացի այդ, այս ոլորտներում համագործակցությունը կօգնի հաղթահարել ընդհանուր մարտահրավերները և, վերջին հաշվով, կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության և արագ զարգացման ապահովմանը։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ հանդիպումը ծառայել է գաղափարների բացահայտ փոխանակմանը և համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ տեսլականների ներկայացմանը։
«Հանդիպման ավարտին կողմերը դրական գնահատեցին հանդիպման դրական և կառուցողական մթնոլորտը, որը համարվում է վստահության ամրապնդման և ավելի բարձր մակարդակով երկխոսություն վարելու նախնական փուլ», – նշվում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպման մասնակիցների համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։