Տարեցտարի Մոդեգամ գյուղում դատարկ տների թվաքանակն ավելանում է։ Տարրական պայմանների բացակայության պատճառով, մարդիկ լքում են գյուղը։ Առաջնային խնդիրներից են գազիֆիկացման հարցը և ճանապարհների քարուքանդ վիճակը:
Տարիների ընթացքում գյուղը դատարկվել է, անցած դարի 90-ականներին ապրել է 80 ընտանիք, իսկ հիմա ընդամենը 33 ընտանիք։ Երիտասարդները, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնում են գյուղից, այլևս չեն վերադառնում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մոդեգամ գյուղը շրջկենտրոնից 26 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ծովի մակարդակից 1960 մետր բարձրության վրա։
Գյուղացիները ցավով են նշում այն փաստը, որ մարդիկ գնում են գյուղից, բայց հեռացողներին չեն մեղադրում։ Ասում են՝ լավ օրից չէ, որ հեռանում են։
«Իմ երկու թոռները գնացել են գյուղից բարձրագույն կրթություն ստանալու համար։ Մեծ թոռս Երևանում է սովորել, իսկ փոքրը՝ Թբիլիսում է սովորում։ Գան գյուղ ի՞նչ անեն, որտեղ աշխատեն, լավ է մնան մեծ քաղաքներում և այնտեղ աշխատանք գտնեն», – ասաց Մոդեգամ գյուղի բնակիչ Վարդան Չախալյանը:
Բնակիչները գյուղի առաջնային խնդիրների ցանկում առանձնացնում են գազիֆիկացման և ճանապարհի խնդիրը։
«Ամենակարևոր խնդիրը գազիֆիկացման և ճանապարհի հարցն է։ Խոսակցություններ կան, որ մեր գյուղը պետք է գազիֆիկացվի, կապրենք կտեսնենք։ Այս ձմեռ խնդիր չի եղել կապված ճանապարհի հետ, որովհետև միշտ մաքրում էին, ընդամենը 3-4 կմ է մնացել ասֆալտապատելու», – ասաց Մոդեգամ գյուղի մեկ այլ բնակիչ Սերյան Փամբուխչյանը:
Բանն այն է, որ անցած տարի ասֆալտապատվել է Ղադոլար գյուղի կամրջից մինչև Մոդեգամի խաչմերուկ հասնող 1 կիլոմետրանոց հատվածը։
«Անցած տարի 1 կիլոմետր ճանապարհը մինչև մեր գյուղի խաչմերուկն ասֆալտապատեցին, մնացել է 3-4 կմ ասֆալտապատելու։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրականություն դարձրին այս գործը», – ասաց Վարդան Չախալյանը։
Մոդեգամցիների խոսքերով, որպեսզի բնական գազն իրենց գյուղ հասնի, մոտավոր հաշվարկներով 160 000 լարի է անհրաժեշտ։
«21-րդ դարում ենք ապրում, բայց առանց գազի, հատկապես ձմռանը շատ դժվար է, խոսակցություններ կան, որ այս տարի գազիֆիկացնելու են մեր գյուղը։ Ղադոլարից պետք է բերեն տեսնենք ինչ կլինի, բնակիչներս պետք է գումար հավաքենք մոտավորապես 160 000 լարի, սա SJGC ընկերության հաշվարկն է։ Իմ կարծիքով, մենք մեր գյուղով կկարողանանք գումարը հավաքել, արդեն հոգնել ենք փայտից ու աթարից», – ասաց գյուղի բնակիչներից մեկը։
Մոդեգամ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Արամայիս Չախալյանը Jnews-ի հետ զրուցում ասաց հետևյալը․
«Անցած տարի 1 կիլոմետր ճանապարհը վերանորոգեցին մինչև մեր գյուղի խաչմերուկը, իսկ մնացած հատվածը հարթեցրին, ինչը շատ կարևոր էր գյուղի համար։ Այն ժամանակ տաքսիները մեր գյուղի ուղևորներին բերում էին մինչև Ղադոլարի կամրջի մոտ ու ասում՝ ինչպես ուզում եք գնացեք։ Ներկա պահին ծրագիր չկա ճանապարհի շարունակությունն ասֆալտապատելու»։
Իսկ ինչ վերաբերում է գյուղի գազիֆիկացմանը, ապա Արամայիս Չախալյանի խոսքով, գյուղացիները պետք է գումար հավաքեն, որպեսզի իրենց գյուղը գազիֆիկացվի։
«Ճիշտ է, մի քիչ թանկ է նստում, բայց ինչ արած, լավ է մեկ անգամ վճարենք և վերջնականապես գազ ունենաք», — ասաց նա։
Հարկ է նշել, որ անցած տարի Մոդեգամը Գյուղին աջակցություն ծրագրի շրջանակներում իրենց գյուղին հատկացվող 10 000 լարիով ծիսական տան կտուրն են վերանորոգել, իսկ այս տարի որոշել են նոր աթոռ ու սեղան գնել ծիսական տան համար։
Կարդացեք նաև՝