Ապրիլի 20-ին աշխարհի բոլոր քրիստոնյաները նշում են Սուրբ Զատիկը։ 2025 թվականը առանձնահատուկ է քրիստոնյաների համար, քանի որ այս տարի Սուրբ Զատիկը համընկնում է բոլոր քրիստոնեական դավանանքների մոտ։ Շատ քրիստոնյաներ պահում են տարվա ամենաերկար պահքը: Jnews-ը, հավատացյալների համար Մեծ Պահքի նշանակության մասին, զրուցել է Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանի և Ախալքալաքի վրաց եկեղեցու քահանա Հայր Ալեքսանդրի հետ։
Աստղագիտական առանձնահատկություններից ելնելով, տարբեր հավատքներում Զատիկի տոնակատարության ժամկետները սովորաբար չեն համընկնում: Զատիկը շարժական տոն է, այն որոշվում է լուսնային օրացույցով։ Քանի որ Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցիները եկեղեցական տոները հաշվարկելու համար հետևում են Գրիգորյանական օրացույցին, իսկ ուղղափառները՝ Հուլյանական օրացույցին, ամսաթվերի միջև տարբերությունը սովորաբար կազմում է մոտ մեկ կամ երկու շաբաթ:
Զատիկից առաջ հավատացյալները պահք են պահում, որը տևում է յոթ շաբաթ: Այս շրջանը կարևոր է հոգևոր մաքրության, աղոթքի և ապաշխարության համար: Ինչ է պահքը և ինչու է պետք պահել այն։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանի խոսքով, շատերը սխալմամբ պահքը ընկալում են որպես պարզապես առողջության համար դիետա:
«Պահքի միջոցով առավելագույնը մոտենում ես Աստծուն, պահքը քեզ հնարավորություն է ընձեռում ինքդ քեզ գտնելու, ինքդ քեզ քո ներսում մտածելու, ինչը դու քո հոգևոր կյանքում չես արել ինչպես պիտի անեիր և ինչն է քեզ խանգարում։ Պահքի զորությունը մեծ ճամփորդություն է: Եթե հավատքը գործեր չունենա, այն կորցնում է իր իմաստը: Եթե ես քրիստոնյա եմ, բայց չեմ օգնում կարիքավորներին, չեմ մխիթարում նրան ով սգի մեջ է, չարախոսում եմ ու այլ վատ բաներ եմ անում, այս ամենը տկարացնում է մեր հավատը։ Պահքի ժամանակ մարդ շատ ուշադիր է լինում այս ամենի հանդեպ, բայց շատ կարևոր է պահքից հետո դա պահպանելը։ Մենք տկարացնելով մեր մարմինը, զորացնում ենք մեր հավատքը։ Եվ հենց իրական պահքը դա է»,- բացատրում է Տեր Նարեկ Տիգրանյանը։
Ախալքալաքի Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Տեր Ալեքսանդրը ասում է, որ պահքը միայն սննդի սահմանափակումը չէ.
«Պահքը մեղքից զերծ մնալն է, պետք է սովորել կառավարել քո արարքները, հոգեպես մաքրվել, մարդը պետք է անցնի պահքի ճանապարհը, որպեսզի իսկապես զգա Զատկի բերկրանքը։ Դուք պետք է մասնակցեք բոլոր մատուցվող ժամերգություններին, որպեսզի իմանաք, թե ինչն է գլխավորը ու կարևորը Զատիկի տոնում: Ասում են՝ ինչպես մարդ ապրի Մեծ Պահքի ժամանակ, այնպես էլ կապրի ամբողջ տարին։ Հիմա քրիստոնյաներին դրախտ մտնելու հնարավորություն է տրված, մինչ այդ դրախտի դռները փակ էին»,- ասում է Հայր Ալեքսանդրը։
2025 թվականն իսկապես յուրահատուկ է բոլոր քրիստոնյաների համար. Զատկի օրվա համընկնումը հիշեցնում է տոնի հիմնական էությունը՝ միասնությունը, հավատը և հոգևոր մաքրումը։ Ինչպես հոգևորականներն են ընդգծում, Պահքն ու Սուրբ Զատիկը ոչ միայն ավանդույթ են, այլ ներքինի նորացման ճանապարհ և հավատը ամրապնդելու հնարավորություն ոչ միայն Պահքի ժամանակ, այլ ամբողջ տարվա ընթացքում։