նորություններ 17 Ապրիլի, 2025 • Հատուկ տարի. Զատիկը համընկնում է բոլոր քրիստոնեական դավանանքներում

Այս տարի քրիստոնեական հինգ գլխավոր տոներից մեկը՝ Զատիկը, նշվում է ապրիլի 20-ին։ 2025 թվականը առանձնահատուկ է քրիստոնյաների համար, քանի որ Սուրբ Զատիկը համընկնում է բոլոր քրիստոնեական դավանանքների՝ հայերի (Հայ Առաքելական եկեղեցի), կաթոլիկների և ուղղափառների մոտ։ Որն է կաթոլիկ ու ուղղափառ Զատիկի տարբերությունը, ինչու դրանց ամսաթվերը սովորաբար չեն համընկնում, ինչպես են դրան վերաբերվում Ախալքալաքի Հայ Առաքելական և վրաց եկեղեցին․ այս և շատ ավելիի մասին կարդացեք JNEWS-ում:

Աստղագիտական առանձնահատկություններից ելնելով, տարբեր հավատքներում Զատիկի տոնակատարության ժամկետները սովորաբար չեն համընկնում: Զատիկը շարժական տոն է, այն որոշվում է լուսնային օրացույցով։ Քանի որ Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցիները եկեղեցական տոները հաշվարկելու համար հետևում են Գրիգորյանական օրացույցին, իսկ ուղղափառները՝ Հուլյանական օրացույցին, ամսաթվերի միջև տարբերությունը սովորաբար կազմում է մոտ մեկ կամ երկու շաբաթ:

Ըստ Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների տոմարական օրացույցի, Սուրբ Զատիկը կարող է նշվել մարտի 21-ից ապրիլի 25-ը, այն ունի 35 օր շարժունակություն։ Ուղղափառ Զատիկը ընկնում է ապրիլի 4-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ ընդհանուր բանաձևը հետևյալն է. Զատիկը նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնից հետո առաջին կիրակի օրը:

Զատիկը կրկին նշվում է երկու տարբեր օրերում՝ կախված նրանից, թե որ եկեղեցուն եք պատկանում: Հազվագյուտ դեպքերում ամսաթվերը համընկնում են, և Զատիկը նշվում է միաժամանակ, ինչպես կլինի այս տարի: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2017 թվականին, ինչպես նաև 2010, 2011 և 2014 թվականներին: Հետագայում Զատիկները կհամընկնեն 2028, 2031, 2034 թվականներին:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանն ասում է, որ Սուրբ Զատիկի օրվա համընկնումը տարբեր դավանանքների մոտ իրենք դրական են ընդունում:

«Մենք բոլորս տոնը կնշենք մի օր, և կշնորհավորենք միմյանց, սրա մեջ խնդիր չկա, գլխավորը Զատկի տոնի հոգևոր իմաստը հասկանալն է»,- ասում է Տեր Նարեկ Տիգրանյանը։

«Մենք ունենք ուղղափառ քրիստոնյաներ, Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներ և կաթոլիկներ, որոնք ապրում են այստեղ, և մենք բոլորս շնորհավորելու ենք միմյանց, և մենք ուրախ ենք դրա համար», — ասաց Միքայել Հրեշտակապետի վանքի (Ախալքալաքի վրացական եկեղեցի) հոգևոր հայր Ալեքսանդրը:

Չնայած օրացուցային տարբերություններին, ծիսական առանձնահատկություններին և մշակութային նրբերանգներին, ուղղափառ և կաթոլիկ Զատիկը վկայում է նույն բանի մասին՝ կյանքի հաղթանակը մահվան, հույսի և հարության նկատմամբ։ Այո, ավանդույթները կարող են տարբեր լինել, բայց տոնի կենտրոնում մնում է մեկ հավատք և մեկ պատմություն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝