Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանա գյուղից վերջին երեք ամսվա ընթացքում 2 աղբաման է անհետացել։ Գյուղի մասնագետի խոսքով, իրավապահներն են զբաղվում այս գործով։ Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ աղբամանները չեն գողացել, պարզապես թյուրիմացություն է եղել, որն արդեն պարզվել է և շուտով գյուղում 2-ի փոխարեն 7 աղբաման կտեղադրվի։
Սպասարկման կենտրոնի կողմից Ազմանա գյուղի խաչմերուկին տեղադրված երկու աղբամանները փետրվար ամսին անհետացել են։
«Արդեն մի քանի ամիս է աղբաման չունենք։ Այդ պատճառով ստիպված աղբը հավաքում ենք պարկերի մեջ և սեփական մեքենայով տեղափոխում հարևան գյուղերի աղբամաններ։ Ինչը դժվար է բնակիչների համար, մենակ ես չեմ, որ պարկերի մեջ եմ հավաքում, մեր գյուղում բոլորն էլ ինձ պես են անում», — ասում է Ազմանա գյուղի բնակիչ Ռամին Գելաձեն։
Գյուղում մարդիկ մտածում են, որ աղբամանները գողացել են։
«Մենք հասարակ գյուղացիներ ենք, ոչ մի տեղեկություն չունենք, թե ով է գողացել, և ինչ նպատակներով, բայց մեր խնդիրները մեծացել են։ Առանց աղբամանների պարզապես հնարավոր չէ մաքուր պահել գյուղը», — ասում է գյուղի մեկ այլ բնակիչ Մակա Քամադաձեն։
Ազմանա գյուղի մասնագետ Ամիրան Մելաձեի խոսքով, աղբամանների հարցով զբաղվում են իրավապահ մարմինները և խնդրին շուտով լուծում կտրվի։
«Մեր գյուղում կար երկու աղբաման, երկուսն էլ գողացել են։ Մի քանի անգամ ոստիկանները եկան մեր գյուղ, բայց այդպես էլ չբացահայտվեց, թե ովքեր են գողացել։ Նոր աղբամաններ ենք պատվիրել, շուտով գյուղը կունենա նորերը», — ասում է Ազմանա գյուղի մասնագետ Ամիրան Մելաձեն։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, պարզապես թյուրիմացություն է տեղի ունեցել։ Կենտրոնի աշխատակիցը Ազմանա գյուղի աղբամանը տեղափոխել է Կարծախ գյուղ։
«Աղբամանները տեղափոխել են այլ տեղ, չեն գողացել։ Ազմանայի աղբամանները տեղափոխվել են Կարծախ։ Շուտով նոր աղբամաններ եմ ստանալու և 2-ի փոխարեն 6-7 աղբաման կտեղադրենք Ազմանայում։ Այս անգամ արդեն կտեղադրենք, ոչ թե գյուղ տանող ճանապարհի խաչմերուկին, այլ հենց գյուղամեջում», — ասում է Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Jnews-ը Վրաստանի ներքին գործերի նախարարությունից պարզեց, որ վերոնշյալ փաստով գործ չի հարուցվել։