Ապրիլի 15-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց Ավագ Երեքշաբթին, որը նվիրված էր Տասը կույսերի ավետարանական առակին։
Ծաղկազարդի տոնին հաջորդող երկուշաբթիից մինչև Քրիստոսի Պայծառ Հարությունը կոչվում է Ավագ Շաբաթ։ Նրա յուրաքանչյուր օրը կոչվում է նաև Ավագ՝ ունենալով պայմանական անվանում, որը նվիրված է Փրկչի երկրային կյանքի այս կամ այն իրադարձությանը: Նշվում են Քրիստոսի վերջին պատվիրանները, չարչարանքները, մահն ու հարությունը։ Ավագ Շաբաթվա հիմնական ծեսերը սկսվում են Ավագ հինգշաբթի օրը:
Ավագ Երեքշաբթին նվիրված է տասը կույսերի ավետարանական առակին։ Հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի առակը, ովքեր լապտերներն առան և դուրս եկան փեսային դիմավորելու, սովորեցնում է մեզ պատրաստ լինել Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած` փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրեցին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան:
Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա´ փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե´ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե´ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի, ուստի գնացե´ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե´ք»:
Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե´ր, տե´ր, բա´ց արա»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»,- ասվում է առակում: