նորություններ 21 Ապրիլի, 2025 • Ինչպե՞ս են նշում Զատիկը Վարևանում

Սուրբ Զատիկը Ախալքալաքի շրջանի տարբեր գյուղերում տարբեր կերպ են նշում։ Այս տոնը, որը եկեղեցական տոներից ամենատարածվածն է Ջավախքում, տարբեր գյուղ յուրովի է նշում։ Որոշ գյուղերում Հարության տոնը նշում են խիստ ընտանեական միջավայրում, որոշ գյուղերում ՝ ընկերական, որոշ գյուղերում էլ համախմբվում են ամբողջ գյուղով, կազմակերպում են գեղեցիկ ծիսակարգեր։

Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղում Զատկական տոնն  ուղեկցվում է երիտասարդների կողմից կազմակերպած հետաքրքիր խաղերով, որոնք այնքան են ընդունվել ժողովրդի կողմից, որ արդեն դարձել են տոնի անբաժանելի մասնիկը։

Վարևանում զատկական տոնը նշելու ավանդույթի մասին շատերն են լսել, մենք փորձեցինք ավելի մանրամասն իմանալ և ներկայացնել։ Մկրտիչ Աբաջյանը, ով Վարևան գյուղի բնակիչ է, մեծ ոգևորությամբ մեզ պատմեց իրենց գյուղում Հարության տոնը նշելու ծեսերի մասին։

Նա պատմեց, որ շաբաթ օրը, երեկոյան ժամը 6-ից հետո գյուղացիներով այցելում են Խունկիանոս անունը կրող եկեղեցի, որտեղ աղոթում են և մոմեր վառում։  Այնուհետև,  դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների տղաները հավաքվում են, և երգելով ու շնորհավորելով շրջում ամբողջ գյուղով մեկ։ Մկրտիչը պատմում է․

«Դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի տղաները ժամի 10-ին բարձրանում են Վարդիսցիխե (Վարդիսցիխեն սրբատեղի է Վարևան գյուղի հարևանությամբ, բլրի վրա), համ մոմ են վառում, համ էլ այրում են անվադողեր և 9 անգամ երգում են․ «Մեզ ավետիս, Ձեզ ավետիս, արթուն կացեք, զարթուն կացեք, ով քրիստոնյա ժամ հրամեցեք», հետո ասում են․ «Քրիստոս հայրավ ի մեռելոց», որին հչում է «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ 9 անգամ դա են երգում, հետո վերադառնում են գյուղ, նստում են եկեղեցում, մինչև ժամը 12-ը, այսինքն մինչև օրը փոխվելը, ժամը 12-ին խփում են զանգերը 9 անգամ, 9 անգամ նորից են երգում եկեղեցու առջև, ու հետո գնում են գյուղամեջ, երգելով անցնում բոլորի տներով», — պատմեց Մկրտիչ Աբաջյանը։

Երիտասարդները շրջում են ամբողջ գյուղով և երգում են բոլորի տան մոտ։ Յուրաքանչյուր տան մոտ երգում են այնքան ժամանակ, մինչև չպատասխանեն՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։

Նա նշում է, որ «Մեզ ավետիս» երգում են միայն հայ կաթոլիկ գյուղերում, բայց Ախալքալաքի Հայ կաթոլիկ գյուղերից միայն Վարևան գյուղում է պահպանվել Հարության տոնին երգելու և տնից-տուն այցելելու, շնորհավորելու ավանդույթը։

Մկրտիչը նաև պատմում է, որ այս ծեսին մեծ ոգևորությամբ սպասում են բոլորը, հատկապես փոքրերը։ Հիշելով իր մանկությունը նա ասում է․

«Երբ որ փոքր էի, շատ էի սպասում Զատիկին, թե երբ են գալու մեր տուն երգեն, որ ես էլ պատասխանեմ»։

Զատիկը վարևանցիների համար ամենակարևոր եկեղեցական տոներից մեկն է։  Մկրտիչի խոսքով, այս ծիսակատարությունն իրենց գյուղում ավելի քան 70 տարվա պատմություն ունի։

Երբ երգողները գյուղում բոլորի տների մոտ երգելը վերջացնում են մոտավորապես ժամը 2-ի կողմերը վերադառնում են եկեղեցի և քնում հենց եկեղեցում, իսկ առավոտյան ժամը 8-ին սկսում են շրջել գյուղով։ Գյուղացիները երիտասարդներին հիմանականում տալիս են հավկիթ կամ փող։

Հավաքված գումարով նվեր են գնում եկեղեցուն, մուծում են եկեղեցու կոմունալ ծառայությունների գումարը, և մոմեր գնում եկեղեցու համար։

Վարևանցիները ևս մի հետաքրքիր եկեղեցական ավանդույթ ունեն։ Եկեղեցում Քրիստոսի քանդակը ունեն, որը դնում են եկեղեցու մեջտեղում։ Գիշերը, ժամը 12-ից հետո գալիս են եկեղեցի, և մոմեր վառում և լույսը տանում են տուն։ Քանդակը դնում ենք սեղանի վրա,  և երգող երիտասարդները երազանք պահելով անցնում են քանդակի տակից։

«Շատերը կան, որոնց պահած երազանքները կատարվել են»,- վստահեցնում է Մկրտիչը։

Այսպես են նշում Քրիստոսի Հարության տոնը, Ախալքալաքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Վարևան գյուղում։

 

 

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝