Վրաստանում նոր ուսումնական տարին կմեկնարկի փոփոխություններով՝ կապված վրաց լեզվի ուսուցման հետ։ Հոկտեմբերի 1-ից Վրաստանի բուհերում պարտադիր կդառնա պետական լեզվի ուսուցումը։ Այս մասին գրում է etaloni.ge կայքը։
Խորհրդարանի կրթության հանձնաժողովը նիստում քննարկել է սահմանադրական առաջարկը, ըստ որի, սահմանվելու է պետական լեզվի պարտադիր ուսուցում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այս նախաձեռնությունը պատկանում է Լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Նանա Մաճավարիանիին և Լեզվաբանության ինստիտուտի ամբիոնի վարիչ Գիորգի Գոգոլաշվիլիին։
Փաստաթղթում նշվում է․ «Վերջին տարիներին խոսվում է երիտասարդ ուսանողների շրջանում պետական լեզվի իմացության ցածր մակարդակի մասին», ինչը հաստատվում է Լեզվի պետական ռազմավարության վերաբերյալ կառավարության փաստաթղթով, որտեղ կարդում ենք հետևյալը.
«Գրագիտության ցածր մակարդակը և բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի գործնական դասընթացների բացակայությունը չեն ապահովում, որ սովորողները կարողանան ամպրապնդել և զարգացնել իրենց ստացած գիտելիքները»:
Այստեղից ելնելով, վերոնշյալ առաջարկի նախաձեռնողները դիմել են օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ վերականգնել բուհերում վրաց լեզվի պարտադիր ուսուցումը և նաև, օրենքում ավելացնել հետևյալ գրառումը․
«Պետական լեզվի ուսուցումը պարտադիր է բարձրագույն կրթության առաջին մակարդակում»։
Խոհրդարանի կրթական հանձնաժողովը աջակցել է այս նախաձեռնությանը, և խորհրդարանի նախագահը հավելել, որ նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամությունն այնքան մեծ է, որ բուհերից կպահանջվի իրականացնել այդ պարտավորությունը հաջորդ ուսումնական տարվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ մինչ այդ պետք է մանրամասներ ներառեն իրենց ուսումնական ծրագրերում և պլաններում։