Ապրիլի 12-ին՝ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում «Մեծ Պահք, Սուրբ Զատիկ» խորագրով բաց դաս անցկացվեց, որին մասնակցում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի ԵԿ-ների սաները, այնպես էլ Բարալեթ, Գոման, Կիրովական, Փոքր Գոնդուրա գյուղերի դպրոցների աշակերտներն ու «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային կենտրոնի երեխաները։
Բաց դասը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանը խոսեց ընտրած թեմայի կարևորության մասին։ Այնուհետև, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տեր Նշան վրդ․ Հմայակյանը ողջունեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը դպրոցահասակ երեխաների շրջանում։
Բաց դասին մասնակցում էին ութ թիմեր, մրցույթն անցկացվեց թեստային ձևաչափով։ Հարցաշարը բաղկացած էր 12 հարցից։ Հարցերը վերաբերում էին՝ Մեծ Պահքի, Սուրբ Զատիկի խորհրդին ու ծիսակարգերին։ Մրցույթի ժյուրիի անդամներն էին Առաջնորդական Փոխանորդ Տեր Նշան վրդ․ Հմայակյանը, Բարալեթի հանրային դպրոցի տնօրեն տիկին Լենա Կարապետյանը և JNEWS կայքի խմբագիր Աղունիկ Այվազյանը։
Ժյուրին գոհ էր մասնակիցների պատասխաններից, որը խոսում էր կրոնական տոներին և ծիսակարգերին քաջածանոթ լինելու մասին։ Առաջին, երկրորդ, երրորդ տեղեր զբաղեցրած թիմերին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու անունից տրվեցին հատուկ մրցանակներ՝ հոգևոր գրականություն։ Նմանօրինակ գրքեր ստացան նաև մրցույթի մնացած մասնակիցները։