նորություններ 18 Ապրիլի, 2025 • Ջավախքի դպրոցներում ընդլայնվում է երկլեզու ուսուցումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցններում երկլեզու ուսուցիչների հարյուրավոր թափուր հաստիքներ են հայտարարվել։ Ախալքալաքի մունիցիպալիտում կան այնպիսի դպրոցներ, որտեղ արդեն մի քանի տարի է երկլեզու ուսուցիչներ են դասավանդում, սակայն մեծամասնությունը նոր է միանում վրաց լեզվի ուսուցման այս ձևաչափին։

Ախալքալաքի շրջանի դպրոցներում 183 թափուր հաստիք է հայտարարվել հետևյալ առարկաներից․

Մեր Վրաստանը, մաթեմատիկա, ես և հասարակությունը, կերպարվեստ, բնագիտություն։ 

Այս առարկաները կդասավանդվեն  1-ից 6-րդ դասարաններում։

Թափուր հաստիքների մասին հայտարարություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ teacherjobs.ge կայքում։

Աբուլ գյուղի դպրոցը երկու առարկայի երկլեզու ուսուցչի համար է մրցույթ հայտարարել։ Տնօրենի խոսքով, արդեն դիմորդներ կան։

«Հարցազրույցը կանցնեն ամենալավ մասնակիցները։ Իմ կարծիքով, երկլեզու ուսուցումը շատ դրական է երեխաների համար, քանի որ նրանք փոքր տարիքից են սկսում պետական լեզվի ուսուցումը», — ասաց Աբուլ գյուղի դպրոցի տնօրեն Մարտին Խոցանյանը։

Ալաստան գյուղի դպրոցի տնօրենի խոսքով, ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցել, որպեսզի կարողանան որպես երկլեզու ուսուցիչ դասավանդել։ Ալաստանի դպրոցում երկլեզու ուսուցչի թափուր հաստիքներ են հայտարարվել՝  մեր Վրաստանը, մաթեմատիկա, ես և հասարակությունը, կերպարվեստ և բնագիտություն առարկաներից։

«Դիմորդներ կան, բայց դեռ հարցազրույցը չենք անցկացրել։ Այս առարկաներից ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ են անցել։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցին, թե մինչև օրս ինչու չունեինք երկլեզու մասնագետներ, քանի որ ես նոր տնօրեն եմ», — ասաց Ալաստան գյուղի դպրոցի տնօրեն Գագիկ Մկրտչյանը։

Կարտիկամ գյուղում արդեն երկու տարի է երկլեզու ուսուցում է ընթանում։ Սակայն այս դպրոցի տնօրինությունը ևս թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն տվել, քանի որ դպրոցի երկլեզու ուսուցիչներն այս պահին ֆիզարձակուրդում են գտնվում։

«Հինգ առարկայի համար ենք թափուր աշխատատեղ հայտարարել։ Մեր դպրոցում երկու տարի է այս ծրագիրը գործում է։ Մենք 3 մասնագետ ենք ունեցել և երեքն էլ դեկրետ են գնացել, արդյունքում  ծրագիրը կիսատ է մնացել», — ասաց Կարտիկամ գյուղի դպրոցի տնօրեն Արարատ Էլիզբարյանը։

Վերջինս միաժամանակ հավելում է, որ ընտրված մասնակիցները վերապատրաստման հատուկ դասընթացներ կանցնեն։

Հեռավոր Մոդեգամ գյուղի դպրոցը երկլեզու ուսուցչի թափուր հաստիք է հայտարարել՝ ես և հասարակությունը և բնագիտություն առարկաներից, բայց երկու հաստիքի համար էլ դիմորդներ չեն եղել։

Քանի՞ տարի է դպրոցներում գործում այս ծրագիրը

Դպրոցներում երկլեզու կրթության ծրագիրն իրականացնում է կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ 2020-2021 ուսումնական տարվանից։

Քանի՞ դպրոց է ներկայումս մասնակցում այս ծրագրին

Այս պահին ծրագրին մասնակցում է 169 հանրակրթական դպրոց, սակայն Նախարարությունը մտադիր է այս ծրագիրը ներդնել բոլոր ոչ վրացալեզու դպրոցներում։  Ծրագրում կընդգրկվեն բոլոր ոչ վրացական (հայկական, ադրբեջանական) դպրոցները/սեկտորները։

Արդյո՞ք ընտրված մասնակիցներն անցնելու են նախապատրաստական դասընթացներ/թրեյնինգներ

Ընտրված թեկնածուներն անցնում են՝ ինչպես վերապատրաստման դասընթացներ, այնպես էլ շաբաթական խորհրդատվական հանդիպումներ։

Վրաստանում երկլեզու կրթական համակարգը գործում է ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում: Ախալքալաքի  Ջավախքում մինչև օրս արդիական է մնում պետական լեզվի իմացության խնդիրը։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝