Այսօր՝ ապրիլի 13-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի որոշմամբ այս օրը նվիրված է նաև մանուկների օրհնությանը, քանի որ ըստ Ավետարանի՝ Քրիստոսի տաճար մուտք գործելիս Երուսաղեմի մանուկները բացականչում էին. «Օրհնություն Դավթի Որդուն»: Վիրահայոց թեմում այն ևս մեծ շուքով նշվեց և կատարվեց մանուկների օրհնության կարգ։
Վիրահայոց թեմի գործող Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները մարդաշատ էին, հավատացյալները մեծ ոգևորվածությամբ շնորհավորում էին իրար տոնի կապակցությամբ և շտապում վերցնել խորհրդանշական ուռենու ուստերը, տոնի կապակցությամբ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
Եկեղեցու հայրերը նշում են, որ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշում էր մարդու մեղքերի խոստովանությունը Տիրոջը։ Ոստերի և ճյուղերի ընծայումը համարվել է առանձնահատուկ պատիվ և հանդիսավոր ընդունելություն։ Ձիթենին՝ որպես խաղաղության, իմաստության, փառքի և հաղթանակի նշան, խորիմաստ կերպով է կապվում Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հետ։ Մեռյալ Ղազարոսին հարություն տալուց հետո Հիսուսին դիմավորելն այս ճյուղերով խորհրդանշել է Նրա հաղթանակը մահվան հանդեպ։
Ծաղկազարդի խորհուրդը նաև կապված է արարչության առաջին օրվա հետ, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվեց, խավարը փարատելով։
Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ. բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը մատուցվում է Սուրբ Պատարագ՝ բաց վարագույրով։
Այսօր առավոտյան եկեղեցիներում օրհնվում էին ուռենու կամ ձիթենու ճյուղերը։ Ուռենու ճյուղերը, լինելով անպտուղ, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք դարձան պտղաբեր միայն Քրիստոսի շնորհով։ Նրանց փափկությունը խորհրդանշում է խոնարհություն՝ Քրիստոսի ճշմարիտ հետևորդների գծով։
Անցկացվեց նաև մանուկների օրհնության կարգ:
Ծաղկազարդի երեկոյան, Թբիլիսիում գործող Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվեց նաև Դռնբացեքի արարողություն, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ:
Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ: