նորություններ 13 Ապրիլի, 2025 • Ծաղկազարդ, Բզոբա. Ախալքալաքում նշում են Ս. Հարության տոնին նախորդող կիրակին

Այսօր՝ ապրիլի 13-ին, Ս. Հարության տոնին նախորդող կիրակին, երբ Քրիստոսը մտավ Երուսաղեմ, և՛ Հայ Առաքելական Եկեղեցին, և՛ Վրաց Ուղղափառ Եկեղեցին նշում են Ծաղկազարդը։ Այս տոնը խորհրդանշում է գարնան զարթոնքը և Ջավախքում նշվում է մեծ տոնախմբություններով։

Ծաղկազարդի տոնը հիմնված է ավետարանական պատմության վրա, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը ժամանել Երուսաղեմ նախքան իրեն խաչելն ու հարություն առնելը: Նախօրեին նա հարություն էր տվել Ղազարոսին, և մարդիկ արմավենու ճյուղերով դուրս էին եկել Փրկչին դիմավորելու: Այդ պատճառով արեւմտյան եկեղեցում այս օրը կոչվում է Արմավենու կիրակի:

Քրիստոսի Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մաթ. 21:9):

caxkazard_3

Վրաստանում այս տոնը հնագույն ժամանակներից անվանում են Բզոբա: Ավանդույթի համաձայն՝ այս օրը օծվում են ուռենու և կոլխիդական շիմշատի (վրացերեն՝ բզա) ճյուղերը և բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: ՀԱԵ-ի հետնորդները տոնն անվանում են Ծաղկազարդ, տոնն ունի նույն հիմք ու նմանատիպ ավանդույթներ։

Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվ եւ հանդիսավորություն:

Օրհնված ուռենու ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարին՝ մինչև մյուս Ծաղկազարդ: Այս տոնն իրականում ունի նախաքրիստոնեական արմատներ և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Հնում հայերը ծաղկազարդին զարդարում էին իրենց տները, բակերը ուռենու կամ ձիթենու օրհնված ճյուղերով, և պահում էին դրանք փոթորկից, բքից պաշտպանվելու համար, հետո այրում էին և մոխիրը շաղ տալիս քամուն՝ փորձանքից զերծ մնալու նպատակով:

caxkazard_1

Ամեն տարի, Բզոբայի նախօրեին, Վրաստանի Պատրիարքարանն ու կառավարությունը բնակչությանը կոչ են անում ոչ թե ոչնչացնել շիմշատը, այլ ինքնուրույն աճեցնել, քանի որ բույսն ընդգրկված է Կարմիր գրքում: Բացի այդ, Ծաղկազարդի օրը բավարար քանակությամբ հատուկ աճեցված այս բույսից վաճառվում է եկեղեցիների մոտ:

Ծաղկազարդը բացում է Մեծ պահքի վերջին նախատոնական շաբաթը` Ավագ շաբաթը: Եկեղեցու համար սա Հիսուս Քրիստոսի տանջանքներով խաչելիությունը հիշելու ժամանակն է: Այս շաբաթվա ընթացքում ընդունված է ծոմ պահել:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝