նորություններ 12 Ապրիլի, 2025 • Ինչո՞ւ ձախողվեց 2024 թվականին անօթևան շների բռնումը

Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից ի վեր գրանցվել է կենդանիների 21 հարձակում, որից 20-ը՝ շների խայթոց։ Սակայն թափառող շների խնդրի լուծման գործընթացը մնում է մակերեսային և անվերահսկելի՝ չբերելով որևէ շոշափելի արդյունք։

Ախալքալաքի ՀԱԿ-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարից ի վեր գրանցվել է կենդանիների 21 հարձակում, որից 20-ը՝ շների կծոց։ Սակայն անօթևան շների խնդրի լուծման գործընթացը մնում է մակերեսային և անվերահսկելի՝ չբերելով որևէ շոշափելի արդյունք։

2023 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 148 կենդանիների հարձակում մարդկանց վրա։ 2024 թվականին գրանցվել է 127 հարձակում, այդ թվում՝ մեկ հարձակում առնետի և 1 կատվի կողմից, մնացած 125 հարձակումներն ու կծոցները գրանցվել են թափառող շների կողմից։ 2025 թվականի հունվարից մինչ օրս մունիցիպալիտետում գրանցվել է թափառող շների կողմից մարդկանց վրա 20 հարձակում։ Չնայած այս թվերին, այս հարցում փոփոխություններ չկան։ Այն կացարանները, որոնք խոստացել էր կառուցել Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը, այդպես էլ չհայտնվեցին ողջ շրջանում, և այդ խնդրի լուծումն այդպես էլ պետական մակարդակով չվերանայվեց:

Հարկ է նշել, որ այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը 26 000 լարի է հատկացրել Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքից անօթևան շների բռնման, ստերջացման, ամորձատման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, կամ անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի ծառայության համար: Անցյալ և նախանցյալ տարի բյուջեից այս նպատակով հատկացվել է նույնքան գումար, սակայն 2025 թվականին շներին բռնելու մրցույթը դեռ չի հայտարարվել, իսկ 2024 թվականից շների բռնումը դեռ չի ավարտվել։

Անօթևան շների բռնման, ստերջացման, ամորձատման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, կամ անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի մրցույթը 2024 թվականին հայտարարվել էր դեռ մայիսին, սակայն տեխնիկական հանգամանքների պատճառով հարցը հետաձգվել էր, իսկ իրականացնող ընկերության հետ պայմանագիրը կնքվել էր միայն սեպտեմբերին։ Մրցույթի համաձայն՝ մինչև սույն տարվա դեկտեմբեր պետք էր բռնել 142 շուն, սակայն, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկությունների, մինչ օրս մունիցիպալիտետում բռնվել է ընդամենը 62 թափառող շուն։ Այս ծառայության համար քաղաքապետարանն արդեն վճարել է 11 895 լարի՝ աշխատանքի ընդհանուր արժեքի 46%-ը։ Աշխատանքների ավարտի վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

«Ես նրանց կզանգեմ, նրանք ամեն անգամ խոստանում եմ գալ։ Մոտ 80 շուն է մնացել տանելու, դրա համար գումար կա։ Նոր մրցույթը դեռ չեն դրել, քանի որ անցյալ տարվանից դեռ մնացել է։ Ես զանգում եմ ընկերություն, բայց չգիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում։ Ասում են՝ կգան։ Մինչ օրս սպասում եմ», — ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռամազ Խուցիշվիլին։

Հիշեցնենք, որ ի սկզբանե շներին բռնելու մրցույթը շահել է «Դոգի Դոկ» ընկերությունը՝ 20 789 լարիի չափով՝ սկզբնական 25 986 լարիի պարագայում։ Մրցույթի համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսվում էր բռնել 142 անօթևան շուն։ Ընթացակարգերն ավարտելուց հետո շներին պետք է նույնականացնեին և հետ վերադարձնեին Ախալքալաք, կամ, անհրաժեշտության դեպքում, էֆթանազիայի ենթարկեին: Սակայն, ի վերջո, պայմանագիրը «Դոգի Դոկ» ընկերության հետ այդպես էլ չկնքվեց։ Բանն այն է, որ ընկերությունն առաջարկել է այս խնդրի լուծման մրցութային պայմաններից տարբեր մեթոդներ և խնդրել փոփոխություններ կատարել առկա մրցութային պահանջներում։

Արդյունքում, Ախալքալաքի մունիցիպալիտետի մրցութային հանձնաժողովը որոշել է չփոխել մրցույթի պայմանները, և «Դոգի Դոկ» ընկերությունը մեխանիկորեն դուրս է մնացել: Պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսի 14-ին օզուրգեթցի անհատ ձեռներեց Գելա Նացվլիշվիլիի հետ՝ 25 986 լարիի չափով։ Սեպտեմբերի 15-ից սկսվել էր անօթևան շների բռնման, ստերջացման, ամորձատման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, կամ անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի գործընթացը:

Այսպես, չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին Ախալքալաքի բյուջեով արդեն իսկ հատկացվել է ևս 26 000 լարի, 2025 թվականին այդ աշխատանքների իրականացման համար մրցույթ չի հայտարարվել, քանի որ նախորդ տարվա մրցույթը դեռ չի իրականացվել, և հայտնի չէ, թե ընկերությունը երբ կավարտի շներին բռնելը վերջին՝ 2024 թվականի համար։

Նշենք, որ անօթևան շներին բռնելու հետաձգումը նպաստում է էլ ավելի մեծ բազմացմանն ու շների թվի ավելացմանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝