Ախալքալաքի տոնավաճառը գրեթե կիսադատարկ է։ Վաճառողները բողոքում են եղած պայմաններից։
Ախալքալաքում գործող տոնավաճառը, որտեղ վաճառվում է տարատեսակ հագուստներ, կոշիկներ, սպասք, կամաց-կամաց դատարկվում է։ Այն տաղավարները, որոնք մի քանի տարի առաջ լիքն էին տարատեսակ ապրանքներով, այսօր դատարկ են։ Տաղավարների դատարկվելը պայմանավորված է նրանով, որ մարդիկ գնումների համար ավելի շատ այցելում են խանութներ, կամ օգտվում են առցանց խանութներից։
Տարեցտարի ավելի է վատանում տոնավաճառի վիճակը։ Ձնհալից հետո, կամ անձրևոտ օրերին տոնավաճառը հայտնվում է ցեխի ու անձրևաջրերի մեջ, ինչի արդյունքում՝ տարածքում տեղաշարժվելը դժվար է դառնում՝ թե՛ վաճառողների, թե՛ գնորդների համար։ Տոնավաճառով շրջելով այս տարածքով և վաճառողների հետ զրույցից հետո կարող ենք թվարկել այն պատճառները, որի համար մարդիկ ինչու են խուսափում գնումներ կատարել Ախալքալաքի տոնավաճառից։
- Տարածքը բաց լինելու պատճառով, վատ եղանակային պայմաններին շատ ցուրտ է, հագուստ փորձելն այստեղ գրեթե անհնար է։
- Ձնհալից և անձրևից հետո ջրերը հոսում են ամբողջ տարածքով։
- Տարածքը կեղտոված է, տոնավաճառի հետնամասը լի է աղբով։
Թվարկվածից պարզ է դառնում, որ բնականաբար մարդիկ նախընտրում են խանութներից գնումներ կատարել։
Տոնավաճառի առևտրականներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, վերոնշյալ պատճառների ցակին ավելացրեց նաև այն, որ մարդիկ հիմա իրենց գնումները կատարում են օնլայն հարթակներից։
«Հիմա ամեն բան օնլայն է, առևտուր են անում wildberries-ով, Temu-ով և այլ կայքերով», — ասում է առևտրականներից մեկը։
Չնայած տոնավաճառում առևտրականների շարքերն օր օրի նոսրանում են, սակայն որոշներն անտեսելով դժվարությունները շարունակում են առևտուրը տոնավաճառի տարածքում։