նորություններ 29 Ապրիլի, 2025 • Տրկնայում 21-րդ դարում ջրհորներից են օգտվում

Տրկնա գյուղում հարյուր հազարավոր լարիներ են ծախսվել, ջրավազան են կառուցել, ջրամատակարարման համակարգ են անցկացրել, բայց ջուր չկա, մինչև օրս բնակիչները ջրհորի ջուր են օգտագործում։

Ժամանակին Ախալքալաքի մունիցիպալիտետի Տրկնա գյուղում ապրել է 70 ընտանիք, իսկ հիմա մնացել է ընդամենը 20 ընտանիք։ Առաջնային խնդիրների թվում գյուղացիները մատնանշում են խմելու ջրի հարցը։

«Ես ծնվել եմ ջրի խնդիրը կա, մինչև օրս կա։ 67 տարեկան մարդ եմ, երևի ես չտեսնեմ ջրի գալը։ 21-րդ դարում ապրում ենք տարրական պայմաններից զուրկ։ Բոլորը մեր գյուղում սեփական ջրհոր ունեն։ Ջրամղիչ պոմպերի օգնությամբ ջուրը հասնում է մարդկանց, տարեկան փչանում և փոփոխման ենթակա է դառնում 2-3 պոմպ, որի արժեքը է 300 լարիից է սկսվում», — ասում է գյուղի բնակչներից մեկը։

IMG_5057

Գյուղացիները շեշտում են՝ Տրկնայի խնդիրները շատ են, բայց ամենակարևորը խմելու ջրի հարցն է։ Այս բնակավայրում ջրավազան են կառուցել, ջրատար խողովակ են անցկացրել, բայց՝ ապարդյուն։

«Այդ խողովակներից մի կաթիլ ջուր չի հոսել։ Մեր ջուրը պետք է Գոման գյուղից գար։ Բայց ասում են, որ Գոմանին հազիվ է բավարարում, ձեզ չենք կարող տալ», — ասում է Արաքսի Սարգսյանը։

IMG_5059

Տրկնա գյուղում Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչ Մարտին Գալստյանն ասում է․ «Ջրի խնդիրը երկար ժամանակ է կա մեր գյուղում։ Ծրագիր կա, որ Սամսար գյուղից պետք է բերեն ջուրը Բուղաշեն, Բալխո և Տրկնա գյուղեր»։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյան ասաց․

«Տրկնա գյուղի ջուրը պետք է գար Օլավերդ գյուղից, բայց ջրի պաշարը քչացել է դրա համար էլ Տրկնան մնացել է առանց ջրի։ Ծրագիր ունենք, որ Բուղաշենում ջուր քաշենք, նույն ծրագրի շրջանակներում Տրկնա գյուղը նույնպես կունենա խմելու ջուր, սա կլինի մոտ ապագայում»:

IMG_5072

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Տրկնա գյուղի ջրամատակարարման համար տրամադրվել էր ավելի քան 73 հազար լարի, սակայն ջրամատակարարման նախագիծ չէր իրականացվել։ 2019 և 2020 թվականներին ՕԳԾ միջոցներից 16 000 լարիի և բյուջեի միջոցներից 40 000 լարիի դիմաց կառուցվել է ջրավազան, որտեղ պետք է ջուր լցվեր այլ ջրավազանից (Գոման գյուղի), սակայն այդ ջրավազանում ևս ջուր չկա:

Տրկնայում գյուղում իրավիճակը բարդ է, գյուղը «անհետացողների» շարքին է պատկանում, բնակիչներն արտագաղթում են Ռուսաստան, գյուղում երիտասարդներ գրեթե չկան։ Երեխաները դպրոց են հաճախում Զակ, իսկ մանկապարտեզ՝ Բարալեթ գյուղ։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝