Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղի մուտքի մոտ գտնվող արհեստական աղբավայրը, որն աղբարկղների ի հայտ գալուց հետո ավելի քիչ նկատելի էր դարձել, այժմ կրկին աչքի է ընկնում։ Գյուղի բնակիչները պնդում են, որ նրանք կենցաղային աղբը նետում են բացառապես աղբամանների մեջ։
Բեժանո գյուղի մուտքի մոտ՝ խաչմերուկում, երկար տարիներ է երկու մեծ, հսկայական, խայտաբղետ, բազմերանգ աղբավայր կա։ Վերջին անգամ աղբավայրը մաքրվել է 4-5 տարի առաջ։ Անցյալ տարի այս տարածքում աղբարկղերի տեղադրումից հետո, աղբի քանակը քչացավ։ Բեժանոյում տեղադրվել է 14 աղբաման: Գյուղում ապրում է մոտ 200 տնտեսություն։ Աղբամանները տեղադրված են միմյանցից 50–100 մետր հեռավորության վրա։
Սակայն գարնան գալու հետ մեկտեղ աղբավայրը կրկին տեսանելի դարձավ, ի հայտ եկան նոր աղբի կուտակումներ՝ կենցաղային աղբ և փտած կարտոֆիլ։ Բնակիչները պնդում են, որ աղբն իրենք նետում են միայն տարաների մեջ, իսկ փչացած կարտոֆիլը հավաքում են իրենց բակերում ու չգիտեն, թե կոնկրետ ով է աղտոտում այդ վայրը։
Մենք զրուցեցինք գյուղացիներից մի քանիսի հետ։ Թեև նրանք չնշեցին իրենց անունները, սակայն նրանց մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև.
«Մենք աղբը միայն տարաների մեջ ենք նետում: Մեր մոտ շատ լավ մաքրում են: Բայց մինչ աղբամանների տեղադրելը, մենք իսկապես աղբը նետում էինք այնտեղ», — ասաց մի կին:
«Չէ, այնտեղ չենք գցում: Մենք ամեն ինչ տանում արկղների մեջ ենք նետում, իսկ փտած կարտոֆիլը հավաքում ենք բակում: Մեզ չեն թույլատրում արկղների մեջ գցել: Բակում հավաքելն էլ ճիշտ չէ, բայց ուր նետենք, չէ որ գարնանը տեսակավորումից հետո բոլորի մոտ էլ լինում է փտած ու փչացած կարտոֆիլ»,- ասում է գյուղի մեկ այլ բնակչուհի։
Բոլոր այն բնակիչները, ում հետ մենք զրուցեցինք, ասացին, որ չեն վճարում աղբահանության համար: Սպասարկման կենտրոնից ասացին, որ Բեժանո գյուղի աղբը պարբերաբար հեռացվում է, սակայն վճարները դեռ չեն գանձվում, գործընթացը գտնվում է նախապատրաստական փուլում (աշխատողների ընդունում և այլն):
Ախալքալաքի սպասարկման կենտրոնը աղբահանության դիմաց վճարներ է հավաքում հետևյալ գյուղերից.
Խանդո, Գոման, Դադեշ, Բալխո, Խուլգումո, Խոսպիո, Մարտունի, Կուլիկամ, Մուրջախեթ, Տուրցխ, Դիլիսկա, Չամդուրա, Բարալեթ, Լոմատուրցխ, Բավրա, Կորխ, Թոթխամ, Մաջադիա, Բուղաշեն, Ղադոլար, Օրջա, Կարտիկամ, Ֆիլիպովկա։
Սպասարկման կենտրոնից հայտնում են, որ բոլոր գյուղերում, որտեղ տեղադրված են աղբարկղեր, 2-3 օրը մեկ պարբերաբար աղբահանման աշխատանքներ են իրականացվում։ Այն գյուղերում, որտեղ վերջերս աղբարկղեր են տեղադրվել, վճարներ դեռ չեն հավաքվում, քանի որ գործընթացը դեռ կանոնակարգված չէ։
Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկ անձի համար աղբահանության սակագինը սահմանված է 50 թեթրի, եթե ընտանիքում չորս հոգուց ավելի է, ապա վճարը 2 լարի է։ Հսկիչները, ովքեր բնակիչներից վճարը հավաքում են, ստանում են հավաքված գումարի 30%-ի չափով աշխատավարձ։