նորություններ 13 Ապրիլի, 2025 • Ի՞նչ իրավիճակ է տիրում Ախալքալաքի տոնավաճառում

Ախալքալաքում տասնյակ տարիներ առաջ բացված տոնավաճառը,  որի  ընդհանուր տարածքը կազմում է 1 691ք/մ, այսօր անմխիթար վիճակում է գտնվում։

tonavajar 1
Տոնավաճառում վաճառվել է  տարատեսակ հագուստներ, կոշիկներ, սպիտակեղեն, սպասք և այլն։ Մի քանի տարի առաջ նախատոնական, նախադպրոցական և թեկուզ սովորական օրերին տոնավաճառում քայլելը բարդ էր, իսկ այսօր՝ տոնավաճառի տաղավարների մեծ մասը դատարկ է։ Վաճառողներից շատերը թողել են իրենց տաղավարները և գնացել խանութներ՝ վատ պայմանների պատճառով։ Տոնավաճառի դատարկվելու պատճառները բավականին շատ են։ Այստեղ առևտուր անելը վատ եղանակին շատ դժվար է, քանի որ տարածքը բաց է և ցուրտ, դրա համար էլ մարդիկ գերադասում են առևտուր անել ավելի հարմար վայրերից։

tonavajar 3

Տոնավաճառի առևտրականներից մեկը՝ Աիդա Տոնականյանը, ով 10 տարուց ավել է զբաղվում է առևտրով, ասում է․

«Շատ ապրանք ունեմ, բայց առևտուր չի լինում, մարդիկ խանութներ են գնում։ Այս եղանակային պայմաններին մինչև ժամը 4-ը հավաքում ենք ու գնում, ուղղակի ասում ենք,  քանի եկել ենք, գոնե մի բան ծախենք նոր գնանք տուն»։

Աիդան պատմում է, որ հիմնականում մարդիկ քիչ թե շատ առևտուր անում են նախադպրոցական շրջանում։

Հարցին, թե վճարում են արդյո՞ք գումար զբաղեցրած տաղավարների համար, Աիդան պատասխանեց․

«Առաջ որոշակի գումար տալիս էինք, հիմա` ոչ, ոչ տեր ունենք, ոչ էլ տիրակալ, ով որտեղ ուզում, այնտեղ էլ շարում է իր ապրանքը»։

tonavajar 2

Jnews-ը ևս երկու առևտրականի հարցրեց, համաձայն կլինե՞ն արդյոք վճարել որոշակի գումար, որպեսզի տարածքը բարեկարգվի։

Նրանցից մեկը պատասխանեց․ «Ես համաձայն եմ, թող սարքեն, մենք էլ տաք տեղում կկանգնենք», իսկ երկրորդն ասաց․«Ասենք սարքեցին, բայց եթե առևտուր անում են կայքերով, ինչի՞ սարքեն, եթե գործ չենք անելու, ինչու՞ վճարենք»։

Ախալքալաքցիների շրջանում «յարմրկա» անվանումով հայտնի այս տոնավաճառը հաճախ է պայքարում պահպանվելու համար։ Մի քանի տարի առաջ այստեղի առևտրականները պայքարում էին փողոցներում առևտուր անող մոլդովացիների և թուրքերի դեմ, իսկ այսօր՝ առցանց խանութների։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝