նորություններ 9 Ապրիլի, 2025 • Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է 38 անգամ

2025 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով զգալիորեն աճել է կարտոֆիլի, ընկույզի և վերամշակված ընկույզի արտահանումը։ Այս մասին հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Մասնավորապես, ըստ նախարարության, ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի աճ է գրանցվել հետևյալ ապրանքատեսակների արտահանման ոլորտում. կարտոֆիլը՝ 38 անգամ, ընկույզը՝ 46, վերամշակված ընկույզը՝ 93, զովացուցիչ ըմպելիքները՝ 30, հանքային և քաղցրահամ ջուրը՝ 17%-ով։

Ավելի ստույգ՝ ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, կարտոֆիլի արտահանումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 13,1 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 13,5 մլն ԱՄՆ դոլար։ Արտահանման հիմնական շուկաները եղել են Ռուսաստանը և Ադրբեջանը։

«Ընկույզի արտահանումն ավելացել է 9,5 մլն ԱՄՆ դոլարով և հասել 30 մլն դոլարի, վաճառքի հիմնական շուկան Եվրամիությունն է, որտեղ արտահանվել է 15,6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք։

Վերամշակված ընկույզների արտահանումն աճել է 7,8 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 16,3 մլն ԱՄՆ դոլար։ Դրանցից 10,5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք է արտահանվել Ռուսաստան։

Գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտահանման արժեքն աճել է 7,1 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 30,9 մլն ԱՄՆ դոլար։ Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը։

Հանքային և քաղցրահամ ջրի արտահանման ծավալն աճել է 6,4 մլն ԱՄՆ դոլարով և կազմել 43,1 մլն ԱՄՆ դոլար։ Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Ղազախստանը և Ուկրաինան»,- ասվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝