նորություններ 9 Ապրիլի, 2025 • Ախալքալաքի կենտրոնում կհայտնվի նոր մարզասրահ

Ախալքալաքի Թամար թագուհու անվան փողոցում՝ կենտրոնական զբոսայգու մոտ, կհայտնվի նոր մարզասրահ։ Մրցույթն արդեն հայտարարված է։ Շինարարությունը կտևի երկու տարի։ Շինարարության համար տեղական բյուջեից հատկացված գումարը կազմում է 1 324 005 լարի։

Ախալքալաքի կենտրոնում՝ «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգու դիմաց, կհայտնվի ևս մեկ մարզասրահ։ Նոր շենքը երկհարկանի է լինելու։ Ներկայումս այս վայրում կա հին, կիսաքանդ շինություն, որը ապամոնտաժվելու է և դրա փոխարեն նոր շենք է կառուցվելու: Կքանդվի նաև հասարակական զուգարանը և խաղադաշտի մի մասը, որտեղ տեղադրված են աթոռներ։

«Երկհարկանի շենք է լինելու, առաջին հարկը կնախապատրաստեն ծանրամարտի պարապմունքների համար, իսկ երկրորդ հարկը դեռ որոշված չէ, գուցե այն օգտագործվի այլ սպորտաձևի կամ մշակութային միջոցառումների անցկացման համար: Կքանդենք մարզադաշտի տրիբունաները, թողնելով միայն խաղադաշտը, կքանդենք նաև հասարակական զուգարանը։ Սակայն զուգարանը կկառուցվի նոր շենքում, դրսից առանձին մուտքով»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության եւ շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։

Տեղական բյուջեից հատկացված գումարը կազմում է 1 324 005 լարի։ Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները կավարտվեն պայմանագրի կնքման օրվանից 270 օրացուցային օրվա ընթացքում։ 2025 թվականին 120 օրվա ընթացքում կծախսվի 613 002 լարի, 2026 թվականին 150 օրվա ընթացքում (ապրիլի 15-ից) կծախսվի 711 003 լարի։ Շինարարության երաշխիքային ժամկետը օբյեկտը շահագործման հանձնելուց հետո 3 տարի է:

Կառուցապատողը ինքը պետք է ապամոնտաժի հին շենքը, իսկ հետո նորը կառուցի։ Ապամոնտաժման ժամանակ առաջացած բոլոր շինանյութերը, համաձայն մրցույթի պայմանների, կհանձնվեն գնորդին, այսինքն՝ Ախալքալաքի քաղաքապետարանին։

Աշխատանքների համար հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 25-ն է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝