նորություններ 8 Ապրիլի, 2025 • Նույն մրցույթը հայտարարվում է արդեն վեցերորդ անգամ

Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն վեցերորդ անգամ մրցույթ է հայտարարել Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման համար։

Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատի և հարակից տարածքի «չարաբաստիկ» վերակառուցման մրցույթը կրկին հայտարարվել է ապրիլի 4-ին, իսկ հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ին է։ Մրցույթի գումարը նույնն է՝ 259 578 լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, քաղաքապետարանը խորհրդակցել է շինարարական ընկերությունների հետ՝ հասկանալու, թե ինչու նրանք չեն մասնակցում մրցույթին։ Նրա խոսքով, երկու պատճառ է բացահայտվել, սակայն դրանց թվում նախագծի հետ կապված խնդիրներ չկան:

«Մի քանի շինարարներից մենք հետաքրքրվել ենք, ոմանք պատասխանեցին, որ դժվար է հաղորդակցվել բնակիչների հետ, ոմանք էլ պատասխանեցին, որ ֆասադային աշխատանքը դա բարդ աշխատանք է: Բայց այս անգամ հուսով ենք, որ մասնակիցներ կլինեն: Մինչ այս ոչ ոք չէր մասնակցում, այդ թվում՝ այլ վայրերից: Թբիլիսիի խոշոր ընկերություններին ուղղակի ձեռնտու չէր, նրանց համար գումարը փոքր է»,- բացատրեց նա:

Նշենք, որ 5-րդ անգամ մրցույթը հայտարարվել էր մարտի 11-ին: Այդ ժամանակ հատկացված գումարը նախորդ մրցույթների համեմատ ավելացվել էր. 259 578 լարի՝ 248 897 լարիի փոխարեն։ Հինգերորդ մրցույթի հայտերի ընդունումը ավարտվել էր մարտի 24-ին, սակայն` անարդյունք։

Հիշեցնենք, որ Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բնակելի շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման մրցույթը հայտարարվել է չորս անգամ։ Առաջին անգամ աշխատանքների մրցույթը հայտարարվել էր 2024 թվականի հուլիսի 24-ին, երկրորդ անգամ՝ օգոստոսի 1-ին, երրորդ անգամ՝ օգոստոսի 16-ին, չորրորդ անգամ՝ նոյեմբերի 26-ին։ Չորս անգամներն էլ մրցույթը տապալվել է մասնակիցների բացակայության պատճառով։

Տեղի իշխանությունները մրցույթների տապալման պատճառ էին համարում աշխատողների պակասը և ճակատային աշխատանքների կատարման դժվարությունները, բայց ոչ գումարը կամ պահանջները: Արդյունքում, սակայն, գինը բարձրացվել է։

Հիշեցնենք, որ Ազատության փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքը գտնվում է Nane Mall-ի դիմաց։ Վերականգնման շրջանակներում նախատեսվում է շենքի ճակատային հատվածի կոսմետիկ վերանորոգում, վերանորոգել ճաղապատ պատշգամբները, տեղադրել նստարաններ և լուսավորություն։ Ինչպես նաև, ըստ մրցույթի, նախատեսվում է ազատել շենքի դիմացի տարածքը ավտոկայանատեղի կառուցելու համար՝ կրճատելով մայթը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝