Ազմանա գյուղում ապրում է մոտավորապես 45-50 ընտանիք, բնակիչնները դժգոհում են, որ տարիներ շարունակ իրենց խնդիրներից ոչ մեկ լուծում չի ստանում: Մարդիկ ասֆալտապատ ճանապարհ են ուզում, ինչպես նաև հնարավորություն սեփականաշնորհելու իրենց տները։
Ախալքալաքի Ազմանա գյուղը շրջկենտրոնից 25 կմ հեռավորության վրա է գտնվում։ Տարիներ շարունակ մարդիկ այս գյուղում բախվում են նույն խնդիրներին:
Ազմանա հասնելու համար պետք է անցնել Հոկամ գյուղ, և խաչմերուկից թեքվել ձախ, որտեղ և ավարտվում է ասֆալտը։
«Ճանապարհի հարցն ամենակարևորն է, գոնե մինչև դպրոց ասֆալտապատեն, ինչպես տեսնում եք, գյուղ մտնող և գյուղամիջյան ճանապարհը շատ վատ վիճակում է գտնվում», — ասում է Ազմանա գյուղի բնակիչ Սերգեյ Փամբուխչյանը։
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, քաղաքապետարանն այս տարի ծրագիր չունի Ազմանայում ճանապարհ վերանորոգելու։ Նախնական տվյալներով, ծրագրվում է 2026-2027 թթ․ տվյալ ճանապարհի վերանորոգում։
Բացի ճանապարհի խնդրից, գյուղում նաև ոռոգման համակարգի խնդիր կա, ամռան ամիսներին նույնիսկ խմելու ջուրը չի բավականացնում, արդիական է նաև գազիֆիկացման հարցը։
«Խնդիրները շատ-շատ են։ Չգիտեմ որն ասեմ, որը թողնեմ։ Ընտրությունների ժամանակ գալիս ասում են, որ բոլոր հարցերը կլուծեն, ընտրությունից հետո ոչ ոքի չենք տեսնում», — ասում է գյուղի Նուգզար Գելաձեն։
Ազմանայում երկար տարիներ է լուծում չի ստանում սեփականաշնորհման հարցը։
«Գոնե կարողանաք մեր տները և հողերը սեփականաշնորհել։ 1990 թվականից այստեղ ենք ապրում, կարող է վաղը մյուս օրը մեկը գա ու ասի, որ սա իմ տունն է, դուրս եկեք այստեղից, ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը։ Համապատասխան մարդկանց դիմել ենք, բայց մեծ հույսեր չունենք», — ասում է Ազմանա գյուղի բնակիչ Գենադի Մեխեշիձեն։
Հատկանշական է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի ոչ միայն Ազմանա գյուղի բնակիչնեը չեն կարող գրանցել իրենց տները, այլև՝ Հոկամ, Ափնիա, Գոգաշեն, Քարծեպ, Կոթելիա, Պտենա և Չունչխա գյուղերի։ Նրանք Աջարիայից 1988-1989 թվականներին բնական աղետից հետո վերաբնակեցվել են այստեղ, սակայն չեն կարող սեփականաշնորհել այն տները, որտեղ ապրում են։ Այդ տները կառուցվել են գրեթե չորս տասնամյակ առաջ։
Jnews-ը Հանրային ռեեստրի թեժ գիծ զանգահարեց, որտեղից պատասխանեցին, որ ամբողջ Վրաստանում շարունակվում է գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման պետական ծրագիրը։ Մեր այն հարցին, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կան գյուղեր, որոնց բնակիչները տարիներ շարունակ չեն կարողացել սեփականաշնորհել իրենց տներն ու հողերը, թեժ գծից պատասխանեցին, որ հողերի չափման գործընթացն ընթացքի մեջ է, և բացասական պատասխան լինելու դեպքում բնակչին տեղյակ են պահում, և համապատասխան ճշտման աշխատանքներ իրականացնում։
Այնուհետև Jnews-ը Հանրային ռեեստրի` napr.gov.ge կայքում մուտքագրեց մի քանի բնակչի տվյալներ և պարզվեց, որ Ազմանա գյուղում հողերի ու տների գրանցումն ընթացքի մեջ է, այսինքն՝ դեռ դրական կամ բացասական պատասխան չկա։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցման պետական ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին և պետք է ավարտվեր 2024 թվականին, սակայն գործընթացը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։