նորություններ 8 Ապրիլի, 2025 • Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու հարևանությամբ գտնվող աղբավայրում արդեն մեկ ամիս է կոնսերվացիոն աշխատանքներ չեն իրականացվում

Աղբավայրում, որը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում և սպասարկում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները, մեկ ամիս է, ինչ կոնսերվացիոն (աղբը հողով ծածկել) աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ տեխնիկան շարքից դուրս է եկել։ Ախալցիխեում գործող ՍՊԸ «Պինդ թափոնների կառավարման ընկերություն»- ից, որն այս աղբավայրը նույնպես համակարգում է, մեզ պատասխանեցին, որ դա մեզ (Ախալքալաքին) չի վերաբերում, քանի որ աղբավայրը գտնվում է Նինոծինդայի մունիցիպալիտետում։

Ամբողջ աղբը, որը հեռացվում է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից, հավաքվում է Ջիգրաշեն գյուղի մոտ գտնվող աղբավայրում։ Պաշտոնապես աղբավայրը գտնվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում։ Աղբավայրը բացվել է 2015 թվականին և նախատեսված է երկու մունիցիպալիտետների համար՝ 9 տարվա շահագործման նպատակով։ Անցել է 10 տարի, սակայն աղբավայրը դեռևս գործում է:

svalka1

Աղբավայրի շուրջը ցանկապատված է, 10 տարվա ընթացքում աղբավայրի տարածքը երկու-երեք անգամ մեծացել է։ Նոր տարածքներում ցանկապատ չկա, իսկ քամին պոլիէթիլենային տոպրակները (և ոչ միայն) քշում տանում է հարակից դաշտեր ու արոտավայրեր։ Ցանկապատից անմիջապես հետո կարտոֆիլի ցանքատարածություններ են, որոնց տերերը բազմիցս բողոքել են իրենց հողատարածքներում տարածված ցելոֆանի պատճառով։ Բացի այդ, պարկերը վտանգ են ներկայացնում անասունների համար՝ կենդանիները կարող են խեղդվել դրանցից:

Պահակի խոսքերով, աղբավայրում ամիսը մեկ անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ Շուրջը հակասանիտարական վիճակ է, իրավիճակը հատկապես սրվել է վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ դադարեցվեցին աղբի կոնսերվացիոն աշխատանքները։ Մեր տեղեկություններով, համապատասխան տեխնիկան շարքից դուրս է եկել, իսկ այն, ինչ կա, իր չափսերի պատճառով հարմար չէ այդ խնդրի լուծման համար։

svalka musor

Ամեն օր աղբավայրը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից, 15-ից 20 բեռնատար աղբ է ընդունում։

Մենք զանգահարեցինք Ախալցիխեի «Կոշտ թափոնների կառավարման ընկերություն», որը համակարգում է նաև Ախալքալաքի աղբավայրը, պարզելու, թե տեղյակ են իրավիճակից և ինչ են մտադիր ձեռնարկել։

«Այս աղբավայրը խանգարում է Ախալքալաքի մունիցիպալիտետին, այն գտնվում է Նինոծմինդայի տարածքում, և դա ձեր գործը չէ»,- ասաց ընկերության ավագ օպերատոր Գուրամ Կեկիշվիլին և վայր դրեց հեռախոսը։

svalka2

Աղբավայրերը պետք է տեղակայվեն քաղաքի սահմանագծից դուրս: Բնակելի շենքերից մինչև սանիտարական պաշտպանության գոտի կազմող աղբավայրի սահմանը պետք է լինի առնվազն 500 մ: Ընդ որում, ելնելով գազային նյութերի մթնոլորտ արտանետումների հաշվարկից, սանիտարական պաշտպանության գոտու չափը պետք է հստակեցվի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝