նորություններ 8 Ապրիլի, 2025 • Սկսվել է Ախալքալաքի Մշակույթի տան մասնակի վերականգնումը

Ախալքալաքի մշակույթի տանը մասնակի վերանորոգման աշխատանքներ են սկսվել, որը 40 տարվա ընթացքում հիմնովին չի վերանորոգվել։

Աշխատանքներն իրականացնելու համար մրցույթում շահած «Աբուլ-23» ընկերությունն անցած շաբաթ սկսել է մասնակի վերականգնումը` ապամոնտաժելով ճեմասրահի դռներն ու պատուհանները։

Մասնակի վերականգնման մրցույթը կայացել է այս տարվա փետրվարի 17-ին, որը շահել է «Աբուլ-23» ՍՊԸ-ն՝ 534 444 լարիով, նախնական գումարը կազմել է 558 390 լարի։ Մրցույթը շահած ընկերությունը գրանցված է Ախալքալաքում։ Ակումբների միավորման առաջին հարկի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 209 950 լարի (ներառյալ ԱԱՀ), իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետի գրադարանային միավորման երկրորդ և երրորդ հարկերի վերանորոգման աշխատանքների համար՝ 354 084 լարի (ներառյալ ԱԱՀ): Ընկերությունն աշխատանքները պետք է սկսեր 2025 թվականի ապրիլի 15-ին, սակայն սկսել է ավելի շուտ և պետք է ավարտի դրանք 150 օրացուցային օրվա ընթացքում:

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ կվերականգնվի առաջին հարկի ճեմասրահը, կփոխվեն պատուհաններն ու դռները, կհղկվի մանրահատակը, ինչպես նաև բազալտե ծածկույթը, կվերանորոգվի սանհանգույցը։ Երկրորդ հարկում, որտեղ ներկայումս գտնվում են գրադարանի գրքերը, նախատեսվում է այդ տարածքն ազատել և վերածել փոքրիկ համերգասրահի։ Գրքերը կտեղափոխվեն Գրադարանային միավորման այլ սենյակներ, որոնք նույնպես կվերանորոգվեն։

Jnews photo - 1

Ախալքալաքի մունիցիպալիտետը լավ արդյունքներ է ցույց տալիս սպորտի ոլորտում՝ սա սպորտով զբաղվելու համար ենթակառուցվածքների, պայմանների և հնարավորությունների ստեղծման հետևանքն է։ Այդ նպատակով Ախալքալաքում կա 2010 թվականին կառուցված մարզահամալիր, ինչպես նաև մարզադպրոց, որը գործում է խորհրդային տարիներից։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի վերջին նիստում հայտարարվել է նաև մարզադաշտին կից տարածքի վերանորոգման մասին, որում, նախնական տվյալներով, տեղակայվելու են սպորտային սեկցիաներ։ Սակայն, ինչ վերաբերում է մշակութային կյանքին, ապա ամեն ինչ սահմանափակվում է Մշակույթի տանով, որը հիմնադրման օրվանից չի վերանորոգվել և երկար ժամանակ գտնվում է անմխիթար վիճակում։

Պայմանների բացակայության պատճառով մշակույթի տան շենքում կարող են պարապել միայն «Ջավախք» համույթը և աշուղական դպրոցը, որոնք իրենց պարապմունքներն անցկացնում են վառարաններով ջեռուցվող սենյակներում։ Ի դեպ, այս շենքում ջեռուցում է անցկացվել, սակայն այն հազվադեպ է միացվում, քանի որ գազով ջեռուցումը թանկ է, և համակարգում կան նաև որոշակի թերություններ։ Շենքի մյուս սենյակները օգտագործման ենթակա չեն, սանհանգույցները ավերված վիճակում են գտնվում։ Դրա պատճառով, օրինակ, Մշակույթի տան տարածքից դուրս են փորձեր անում տարբեր անսամբլներ, իսկ միակ տիկնիկային թատրոնը, տարածք չունենալու պատճառով, ստիպված եղավ դառնալ շարժական։ Ախալքալաքում թատերական ներկայացումներ չեն բեմադրվում, պարզապես թատերախումբ չկա։ Մշակութային կյանքի նկատմամբ ուշադրության պակասը, հատկապես ենթակառուցվածքային առումով, լուրջ խոչընդոտներ է ստեղծում տեղական ստեղծագործական խմբերի և մշակութային նախաձեռնությունների զարգացման համար։

Շենքի ամբողջական վերականգնումը, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի հաշվարկների, կարժենա մոտ 5 մլն լարի, ինչը զգալի գումար է մունիցիպալիտետի համար։ Սակայն այս տարի որոշվել է այն մասամբ վերականգնել. դա չի լուծի բոլոր խնդիրները, սակայն կարևոր քայլ կլինի Ախալքալաքում մշակույթի զարգացման պայմանների բարելավման ուղղությամբ։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝