նորություններ 8 Ապրիլի, 2025 • «Իլիկ մանող» տիկնիկն Ախալքալաքից լավագույնն է ճանաչվել Վրաստանում

Ախալքալաքում գործող Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը մասնակցել է Վրաստանի ֆոլկլորային ազգային փառատոնին։ Նա ներկայացրել է իր ձեռագործ՝ «Իլիկ մանողը» տիկնիկը և Վրաստանում ճանաչվել լավագույնը։

Վրաստանի ֆոլկլորային ազգային փառատոնի սկիզբը եղել է 2022 թվականին, որին մասնակցել են ավելի քան 1000 հոգի՝ Վրաստանի տարբեր անկյուններից։ Այս փառատոնին մասնակցել և հաղթանակ է տարել  Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի տան տնոօրեն Սաթենիկ Մահտեսյանը՝ իր ձեռագործ տիկնիկով։

«Մեր տիկնիկը, որը ցույց է տալիս մեր ազգագրությունը, հաղթող է ճանաչվել», — ասում է Սաթենիկը։ Վերջինս գրեթե 15 տարի է տիկնիկագործությամբ է զբաղվում։

5«Իլիկ մանողը» տիկնիկը, որը հաղթող է ճանաչվել

Փառատոնն անցկացվել է մի քանի փուլով։ Վրաստանի տարբեր շրջանների մասնակիցներին համախմբել են մի վայրում՝ Ախալցիխեում, որտեղ և անցկացվել են փառատոնի առաջին և երկրորդ փուլերը։ Վերջում, վերանայելով և գնահատելով բոլոր ներկայացված աշխատանքները՝ ամփոփել են արդյունքները։

««Իլիկ մանող» տիկնիկը պատրաստել եմ հիշելով մանկությունս և տատիկիս։ Փառատոնի ժամանակ էլ պատմեցի ժյուրիին, որ երբ նայում եմ տիկնիկին, ինձ թվում է, թե նայում եմ տատիկիս, որովհետև ես պատրաստել եմ հենց իր կերպարը։ Ինչի՞ հաղթող ճանաչվեց իմ տիկնիկը։ Հնարավոր է,  շատ ավելի գեղեցիկ տիկնիկներ կային, բայց պետք է իմաստ ներդնել տիկնիկի մեջ», — պատմում է Սաթենիկը։

3

1

Սաթենիկ Մահտեսյանն ասում է՝ ժյուրիի համակրանքին արժանացել է նաև այն, որ ինքը տինիկների դեմքերը պատրաստում է կտորից։ Նրանք ընդգծել են, որ կտորի վրա ավելի լավ է երևում ամեն բան, թեկուզ՝ տիկնիկի բնավորությունը։

Տիկնիկագործը նշում է՝ նման փառատոնների հաճախ չի մասնակցում և շնորհակալություն է հայտնում Ախալքալաքի քաղաքապետարանին, քանի որ հենց քաղաքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցության շնորհիվ է մասնակցել փառատոնին։

Սաթենիկն իր տիկնիկների միջոցով ցույց է տալիս ազգայնությունը։ Պատրաստում է ինչպես հայ ազգությունը խորհրդանշող տիկնիկներ, այնպես էլ վրաց։

7

Վրաստանի ֆոլկլորային ազգային փառատոնը մեկնարկել է 2022 թվականին, իսկ արդյունքներն ամփոփվել են 2024 թվականի վերջ։ Փառատոնի կազմակերպիչները 2024 թվականի հոկտեմբերին այցելել են Ախալքալաքի քաղաքապետարանի ներքո գործող Ապագայի տուն և մեդալ ու պատվոգիր են հանձնել Սաթենիկ Մահտեսյանին։ Իսկ արդեն 2025 թվականի մարտին կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել Սաթենիկի մասին, որտեղ նա պատմում է «Իլիկ մանող» տիկնիկի ստեղծման պատմությունը։

Ապագայի տանը գործում է տինիկագործության խմբակ, որտեղ հաճախում է 15 աշակերտ։ Տնօրենը՝ Սաթենիկ Մահտեսյանը նշում է՝ փառատոնում տարած իր հաղթանակից հետո երեխաները էլ ավելի մեծ ոգևորությամբ ու ձգտումով են մասնակցում տիկնիկագործության դասերին։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝