նորություններ 4 Ապրիլի, 2025 • «Թրամփի վարչակազմի համար հայ գերիների ազատ արձակումն առաջնահերթություն է»․ Ջարեդ Գենսեր

«Մեր խնդրանքը ԱՄՆ նոր վարչակազմին հստակ է՝ հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակման գործարքը պետք է նախապայման լինի [խաղաղության համաձայնագրի] առաջընթացի համար, ինչը եղել է վարչակազմի դիրքորոշումը»,- Catholic News Agency-ի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել միջազգային փաստաբան, իրավապաշտպան Ջարեդ Գենսերը։

Նա հայտարարել է՝ բանտարկյալների ազատ արձակումը ԱՄՆ նոր վարչակազմի «գլխավոր առաջնահերթությունն է»:

Գենսերի փոխանցմամբ՝ իրենց ասվել է, որ գերիների ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի «նախագահ Թրամփը, ի վերջո, օրհնի խաղաղության գործարքը»։ Թե ո՞վ է փոխանցել ԱՄՆ նոր վարչակազմի այդ ուղերձը, նա չի մանրամասնել։

Ջարեդ Գենսերը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանն է։ Տևական ժամանակ է, ինչ ահազանգում է Ադրբեջանում պահվող Վարդանյանի և մյուս հայերի իրավունքների խախտումների, ընթացող շինծու դատավարությունների մասին։ Իրավապաշտպանը նկատել է՝ ինքը ներկայացնում է «բարձր հեղինակություն ունեցող քաղբանտարկյալի», սակայն կատարած աշխատանքը վերաբերում է նաև մյուս բոլոր հայ գերիներին։

Լրատվամիջոցը Ադրբեջանում պահվող հայ քրիստոնյա գերիների վերաբերյալ պարզաբանում է ստացել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտից։ Պետդեպից միայն նշել են, որ բոլոր կալանավորված անձանց իրավունքները պետք է հարգվեն։

«Եթե նրանց քրեական մեղադրանք է առաջադրվել, նրանց պետք է տրամադրվեն արդար դատավարության բոլոր երաշխիքները»,- ասված է Catholic News Agency-ի հրապարակման մեջ։

Արտատպված է Jam-News-ից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝