Ախալքալաքի Նազարեթյան փողոցի բնակիչները բողոքում են, որ մեկ տարուց ավել է իրենց փողոցում ջրատար խոխովակների անցկացման նպատակով տեղ-տեղ կտրել են ասֆալտն ու փորել, սակայն խոխովակները փոխելուց հետո ոչ միայն չեն ասֆալտապատել այդ հատվածները, այլև տեղ-տեղ նույնիսկ փորած հատվածները չեն փակել։
Նազարեթյան փողոցի բնակիչների խոսքերով, արդեն տևական ժամանակ է խնդիրն արդիական է, սակայն ոչ-ոք ուշադրություն չի դարձնում իրենց փողոցի վիճակին։
Բանն այն է, որ մեկ տարի առաջ Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի աշխատակիցները ջրատար նոր խոխովակների անցկացման համար փողոցի որոշ հատվածներում կտրել են ասֆալտապատ ճանապարհը, այնուհետև փոխել են ջրատարներն ու հեռացել։
Վարորդները բողոքում են, ամեն անգամ այս փողոցով երթևեկելիս ջարդում են իրենց մեքենաները և խնդրում են պատկան մարմիններին ուշադրություն դարձնել այս փողոցին։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե տվյալ փողոցը ո՞վ պետք է ասֆալտապատի։
«Դա մեր պատասխանատվության տակ չէ, դիմեք Ջրամատակարարման սպասարկման կենտրոնին», – ասաց նա:
Այնուհետև Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախթանգիշվիլին հետ, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, պատճառաբանելով, որ ինքն իրավունք չունի հարցազրույց տալու և խորհուրդ տվեց զանգահարել թեժ գիծ:
Իսկ թեժ գծից Jnews-ին հայտնեցին, որ Նազարեթյան փողոցում նոր ջրատար խոխովակների անցկացման աշխատանքները դեռ չեն ավարտվել, այդ իսկ պատճառով չեն կարող ասել, թե երբ կասֆալտապատեն ճանապարհի կտրտված հատվածները։