Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում 120 ընտանիք է ապրում։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Առաջնահերթ խնդիրների մեջ գյուղացիները մատնանշում են ոռոգման ջրի ջրատարի մաքրման հարցը, ճանապարհների վատ վիճակը, մեծահասակների համար հավաքվելու վայրի բացակայությունը և այլն։
Ագանան շրջկենտրոնից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության և ծովի մակերևույթից 1780 մ բարձրության վրա:
Գյուղի կենտրոնում հավաքված մեծահասակները դոմինո են խաղում: Ասում են, որ երիտասարդներ չեն մնացել գյուղում, գյուղի երիտասարդների 90%-ն արտագնա աշխատանքի է մեկնել:
«Հավաքվելու վայր չունենք գյուղում։ Տարեց մարդիկ ենք, գոնե մի տարածք հատկացնեն մեզ։ Այս տարի խոստացել են, որ գյուղի ճանապարհը ասֆալտապատելու են, տեսնենք կասֆալտապատեն։ Անիմաստ եմ համարում խնդիրների մասին նույնիսկ խոսելը, որոհետև երկար ժամանակ է խնդիրները կան, բայց լուծող չկա»,- ասաց Ագանա գյուղի բնակիչներից մեկը, ով խուսափեց նշել իր անուն ազգանունը:
Jnews-ը Ախալքալաքի քաղաքապետարանից տեղեկացավ, որ այս տարի Ագանա գյուղի ճանապարհը կասֆալտապատվի։
Կաջո-Ագանա ճանապարհի շինարարությունը կիրականացվի երկու տարում՝ երկու փուլով։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 579 509 լարի:
Էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է ապրիլի 5-ին, այն դեռ ընթացքի մեջ է, իսկ վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։ Հատկանշական է, որ գումարի 95%-ը հատկացվել է պետբուջեից, իսկ մնացած 5%-ը՝ տեղական:
Ագանա գյուղի բնակիչները գյուղի ճանապարհի խնդրից բացի նշում են նաև ոռոգման ջրի հարցը, որը կենսական կարևոր նշականություն ունի իրենց համար։
«Գյուղը շատ խնդիրներ ունի, չգիտեմ որտեղից սկսեմ, որ ճիշտ լինի։ Ոռոգման ջրի ջրատարը պետք է մաքրել, և անպայման խողովակներ տեղադրել, որպեսզի ջուրը նորմալ տեղ հասնի, որ կարողանանք դաշտերը ոռոգել։ Սա մեծ խնդիր է մեզ համար, մենք մեր սեփական միջոցներով անցած տարի մաքրել ենք ջրատար կանալները, բայց՝ անարդյունք, մեկ տարի չանցած նույն իրավիճակն է», – ասաց Ագանա գյուղի մեկ այլ բնակիչ:
Բնակիչները նշում են՝ իրենց գյուղը հսկայական ջրային պաշար ունի, բայց իրենք չեն կարողանում օգտագործել։
Ագանա գյուղի մասնագետ Արշալույս Գալստյանն ասում է․
«Ամեն տարի պետությունը տեխնիկա է հատկացնում ոռոգման ջրի ջրատարի մաքրման համար։ Գյուղացիների մեծամասնությունը մասնակցում է այդ աշխատանքներին։ Տեխնիկան ամեն տեղ չի կարող մաքրել, դրա համար մնացածը ձեռքով ենք անում։ Ինչ վերաբերվում է ջրատարի մաքրման համար գումար հավաքելուն, ապա 20 տարի առաջ եմ ես անձամբ գյուղացիներից գումար հավաքել։ Հիմա քաղաքապետարանն է անում»։
Հատկանշական է, որ այս տարի տեղական բյուջեից 100 000 լարի գումար է հատկացվել տարբեր տեսակի տեխնիկա վարձակալելու համար։
«Քաղաքապետարանը տեխնիկա է վարձակալում, որ մեզ պետք եղած ժամանակ օգտագործենք։ Օրինակ՝ Ագանա գյուղում պատրաստվում ենք ոռոգման ջրի ջրատարը մաքրել։ Մենք ամեն տարի այս ծրագիրն ունենք, եթե գյուղացիները մեզ դիմեն, անպայման տեխնիկա կուղարկենք, որ մաքրեն ջրատարները», — ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պատասխանատու Արա Մովսիսյանը:
Ագանայում անցած տարի ՕԳԾ-ով հատկացված գումարով ծիսական տունն են վերանորոգել և ջեռուցման համակարգ անցկացրել։ Իսկ այս տարի որոշել են, որ գյուղի ակումբի շենքն են վերանորոգելու, սպորտ դահլիճ են կառուցելու, ինչպես նաև մեծահասակների համար հավաքվելու համար մի վայր, սակայն գումարը բավարար չէ, այդ պատճառով դիմել են քաղաքապետարան, որպեսզի ընդառաջեն իրենց։