Չնայած լարիի ամրապնդմանը, սննդամթերքի և այլ ապրանքների գները շարունակում են աճել։ Չնայած նրան, որ գնաճը տեղի է ունենում աստիճանաբար, բնակչությունը զգում է դրա ազդեցությունը՝ ծախսերը մեծանում են, մինչդեռ շատերի աշխատավարձը նույնն է մնում։ Jnews-ը հետաքրքրվել է Ախալքալաքի բնակիչներից, արդյոք նրանք նկատել են որոշ ապրանքների թանկացումը և ինչպես է դա անդրադարձել նրանց ընտանեկան բյուջեի վրա։
Վրաստանի, այդ թվում՝ Ախալքալաքի մթերային խանութներում, գնաճը հաճախ անմիջապես չի նկատվում, քանի որ ապրանքների գները բարձրանում են աստիճանաբար։ Եթե մարդը միանգամից շատ ապրանք է գնում, կարող է անգամ չնկատել փոփոխությունը։ Սակայն գնաճի ազդեցությունն սկսում են զգալ այն պահին, երբ ընտանեկան բյուջեն ավարտվում է սպասվածից շուտ, իսկ հաջորդ աշխատավարձին դեռ շատ ժամանակ կա։ Մարդկանց եկամուտները չեն փոխվել, սակայն սովորական մթերային փաթեթին արդեն չի բավարարում։ Բացի այդ, տարբեր խանութներում տարբեր ապրանքների գները տարբեր են, և թանկացումը տեղի է ունեցել անհավասարաչափ։ Ընտանեկան բյուջեի վրա հիմնականում ազդել են մրգերի և բանջարեղենի, յուղի, սուրճի և այլ ամենօրյա անհրաժեշտ սննդամթերքների թանկացումները։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2025 թվականի հունվար-փետրվարին սննդամթերքի գնաճի տոկոսները հետևյալն են.
- Մրգեր և խաղող (+4.8%)
- Հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (+4.6%)
- Բանջարեղեն և դդմազգիներ (+3.3%)
- Միս և մսամթերք (+0.7%)
- Յուղեր և ճարպեր (+0.6%)
- Սուրճ, թեյ և կակաո (+0.5%)
Վրաստանում, 2025 թվականի փետրվարին, գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0.4%։ Հաշվի առնելով գնաճը, պետական հաստատությունները, վերջին երկու տարիների ընթացքում, իրենց աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել են նվազագույնը 10%-ով։ Սակայն մասնավոր հատվածում ոչ բոլոր գործատուներն են հետևել այս օրինակին։
Ավելացել են նաև թոշակառուների վճարումները։ Ախալքալաքի որոշ թոշակառուներ նշում են, որ հենց պետությունը 20 լարիով բարձրացնում է իրենց թոշակը, խանութներում գները միանգամից սկսում են բարձրանալ։
Երբ մենք հարցրեցինք Ախալքալաքի բնակիչներին, թե կոնկրետ որ ապրանքներն ու որքանով են թանկացել, նրանք դժվարացան հստակ պատասխան տալ, սակայն նշեցին, որ ավելի շատ գումար են ծախսում։ Գնաճի ազդեցությունն իրենց ընտանեկան բյուջեի վրա նրանք տարբեր կերպ են գնահատում։
«Շատ են թանկացել սննդամթերքն ու ոսկյա իրերը։ Ինձ անհրաժեշտ էր ոսկի գնել, դրա համար էլ նկատեցի։ Պետական հիմնարկներում աշխատավարձերը բարձրացրել են, մասնավոր հատվածում նույնպես, բայց միևնույն է չի բավականացնում։ Գների աճը և աշխատավարձերի ու թոշակների բարձրացումը համարժեք չեն», – ասաց քաղաքի բնակիչ Նարինեն։
«Ամենաշատը թանկացել են մրգերը և կոնֆետները։ Նախկինում ես գնում էի շուկա, ծախսում էի 100 լարի և բավականաչափ մթերք գնում, հիմա 100 լարին գին չունի։ Ոչ բոլորի աշխատավարձն է բարձրացել։ 600 լարիով հնարավոր չէ ապրել, եթե չունես այլ եկամուտ։ Մենք, օրինակ, զբաղվում ենք գյուղատնտեսությամբ, կարտոֆիլ ենք մշակում, ամուսինս թոշակ է ստանում», – ասում է Ադամյան Ժաննան՝ հավելելով․ «Խանութների վրա վերահսկողություն չկա, ով ինչ գնով ուզում է, այդպես էլ վաճառում է»։
«Եթե նախկինում ես ամսական 500 լարի էի ծախսում, հիմա նույն ապրանքների վրա ծախսում եմ 600 լարի։ Չեմ գրանցում ծախսերս, բայց նկատել եմ, որ ավելի շատ եմ ծախսում», – ասաց Ախալքալաքի բնակչուհի Ժ.Մ.-ն։
Նա նաև նշեց, որ թանկացումների ֆոնին որոշ ապրանքներ էժանացել են։
«Որոշ թխվածքաբլիթներ էժանացել են 2-1.5 լարիով»։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2025 թվականի հունվար-փետրվարին որոշ ապրանքների գները նվազել են․
- Շաքար, ջեմ և այլ քաղցրավենիք (-2.5%)
- Կաթ, պանիր և ձու (-0.4%)
- Ձուկ և ծովամթերք (-0.3%)
- Հաց և հացաբուլկեղեն (-0.1%)