ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված աղյուսակի համաձայն՝ տարբեր երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը հետևյալն են՝ Չինաստանին՝ 34%, Հնդկաստանին՝ 26%, Ճապոնիային՝ 24%, Վիետնամին՝ 46%, Թայվանին՝ 32%, Մոլդովային՝ 31%, Հարավային Կորեային՝ 25%, Կամբոջային՝ 49%, Թաիլանդին՝ 36%, Շրի Լանկային՝ 44% և այլն։ Տեղեկությունը տարածում է Sky News-ը։

Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստանին և Ուկրաինային ԱՄՆ-ը սահմանել է 10 տոկոս մաքսատուրք։

Բացի այդ, Թրամփը Եվրամիությանը սահմանել է 20 տոկոս մաքսատուրք, իսկ Մեծ Բրիտանիային՝ 10 տոկոս։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ մաքսատուրքերը կնպաստեն ամերիկյան տնտեսության վերականգնմանը։

Թրամփն ընդգծել է, որ մեծ հարգանք ունի Չինաստանի և նախագահ Սի Ծինփինի նկատմամբ, սակայն «նրանք հսկայական առավելություն են ստանում» ԱՄՆ-ից։

«Մյուս առաջնորդները հոգ են տանում իրենց երկրների մասին՝ բարձր մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ներմուծման վրա, և հիմա ժամանակն է, որ մենք սկսենք հոգ տանել մեր երկրի մասին», – հայտարարել է Թրամփը։

BBC-ի տեղեկացմամբ՝ հիմնական 10 տոկոս մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։