Հայաստանը ձեռնպահ կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ֆինանսավորմանը մասնակցելուց։

«Հայաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024-ի բյուջեի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման ստորագրումից և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից։

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը մարտի 7-ին հայտարարել էր, որ, եթե Հայաստանը մինչև 2025-ի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեի վճարը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել։

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024-ի փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվեցին 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ կազմակերպությունը ռազմական և քաղաքական աջակցություն չհայտնեց իր անդամ երկրին։

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Հայաստանը դադարել է անդամավճարներ փոխանցել կազմակերպությանը և ներկայացուցիչներ ուղարկել նրա միջոցառումներին ու զորավարժություններին: