Սուլդա գյուղում այս տարի կկառուցվի նոր դպրոց: Մարտի 27-ին Սուլդայում նոր դպրոցի շենքի կառուցման վերաբերյալ տեղեկատվական հանդիպում անցկացվեց, որի ավարտին ԿԳ նախարարության ներկայացուցիչները խոստացան, որ շինաշխատանքներում ներգրավված կլինեն նաև տեղի բնակիչները։

Jnews-ը փորձեց պարզել, թե ինչքանով դպրոցի շինարարությունը կստեղծի նոր աշխատատեղեր տեղի բնակիչների համար։

«Դպրոցի շինարարությունը կսկսվի վաղը կամ մյուս օրը։ Ես գյուղացիներին ասել եմ, ովքեր ցանկություն ունեն, կարող են գալ և աշխատել, մենք շահագրգռված ենք, որ տեղի բնակիչներն աշխատեն։ Բայց ներկա պահին գյուղից մարդ չի աշխատելու, քանի որ բավականին մարդ չկարողացանք գտնել, հետագայում հաստատ տեղացիներ կաշխատեն։ Սկզբնական փուլում դրսից եկածները կաշխատեն, նրանց մնալու տեղի հարցերը դեռ լուծված չեն։ Աշխատավարձի մասով հստակ չեմ կարող ասել, քանի որ գործով է», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի նոր դպրոցի կառուցման շինաշխատանքների պատասխանատու Նորիկ Զարմայանը։

Jnews-ը զրուցեց Սուլդա գյուղի շինարարների հետ, որոնք ևս հաստատեցին, որ մարդկային ռեսուրսի պակաս կա:

«Սա շինարարության դեռ սկզբնական փուլն է, մենք դեռ կհասցնենք աշխատել մեր գյուղի դպրոցում։ Անցած տարվանից կիսատ գործեր ունենք թողած, պետք է ավարտին հասցնենք»,- ասաց շինարարներից մեկը, ով խուսափեց նշել իր անուն ազգանունը:

Սուլդա գյուղից Հայկ Խամպերյանը այն մարդկանցից է, ով ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկանալով նոր դպրոցի շինարարության մասին սկզբից որոշել է մնալ գյուղում, բայց հետո նախնական հաշվարկ է արել ու որոշել է, այնուամենայնիվ մեկնել։

«Մի պահ մտածեցի մնամ գյուղում՝ և տանը կլինեմ, և կաշխատեմ։ Հետո մտածեցի կկարողանամ արդյո՞ք այնքան գումար աշխատել, որքան աշխատում եմ Ռուսաստանի դաշնությունում, և որոշեցի, որ գնամ: Հետո էլ դպրոցի շինարարության ժամկետների մասին տեղեկություն չունեմ, թե քանի ամսվա գործ կա, այդ պատճառով, հասկացա, որ գնալը ճիշտ է»,- ասաց Հայկ Խամպերյանը։

Նշենք, որ Սուլդա գյուղի նոր դպրոցի շինարարության աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2026 թվականի հոկտեմբեր ամիս: Նոր դպրոցի կառուցման մրցույթը շահել է «MC Group» ՍՊԸ-ն՝ 4 931 692 լարիով։ նորակառույց դպրոցը երկհարկանի է լինելու՝ 2250 մ² ընդհանուր մակերեսով։