
Քրիստոնյաների կյանքում Միջինքն ապաշխարության ընթացքի կարևոր հանգրվանն է, հասկանալու, որ մենք դեռ ժամանակ ունենք ապաշխարելու: Այսօր Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում նշվեց Միջինքը:
Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում այն նշվեց թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ կայացած «Հանգստյան» երեկոյան ժամերգությամբ:
Ժամերգության ավարտին թեմակալ առաջնորդը օրհնեց ներկա հավատացյալներին՝ մաղթելով նրանց հոգևոր զորություն և համբերություն: Նա իր խոսքում ընդգծեց օրվա խորհրդի կարևորությունը՝ հորդորելով բոլորին պահել հավատքի ուժը, պահպանել հոգևոր մաքրությունն ու շարունակել պահեցողության ուղին՝ պատրաստվելով Սուրբ Զատկի մեծ տոնին:
Հայ հավատացյալները Միջինքը նշում են նաև ժողովրդական ավանդույթներով ու սովորույթներով: Դարավոր սովորության համաձայն՝ այս օրը թխվում են հատուկ բաղարջներ և գաթաներ, որոնց մեջ տեղադրվում է որևէ նշան, օրինակ՝ խաչ: Այն մարդը, ում բաժին հասնի նշանը, համարվում է հաջողակ ու օրհնված ամբողջ տարվա ընթացքում:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում օրհնված գաթաները բաժանվեցին հավատացյալներին: Այս տարի եկեղեցու խաչի քավորների՝ Արկադի Հովակիմյանի և Կարեն Դարբինյանի նախաձեռնությամբ՝ գաթաների մեջ տեղադրվել էին օրհնված խաչեր, որոնք ուրախության առիթ դարձան շատերի համար՝ խորհրդանշելով հավատքի ամրապնդումը և հոգևոր օրհնությունը:
Հոգևոր առումով Միջինքը կարևոր հանգրվան է, քանի որ այն հիշեցնում է, որ պահեցողությունը ոչ միայն սննդակարգային սահմանափակում է, այլև հոգևոր մաքրության ճանապարհ: Այն կոչ է անում հավատացյալներին վերանայել իրենց վարքը, զղջալ մեղքերի համար և ավելի մոտենալ Աստծուն:
Այս օրը նաև հիշեցնում է, որ ճանապարհի կեսն արդեն անցել է, և անհրաժեշտ է հոգեպես ամրանալ՝ պատրաստվելու Հարության տոնին:
Միջինքը հնարավորություն է տալիս նորոգելու մտքերն ու զգացմունքները, վերաիմաստավորելու պահեցողության նպատակը և վստահ քայլերով շարունակելու դեպի Սուրբ Զատիկ:
Բացի Վիրահայոց թեմից, Միջինքը նշվում է նաև այլ համայնքներում, որտեղ հայ եկեղեցիներ կան: Հատկապես հայաբնակ շրջաններում Միջինքի օրն ընտանեկան ուխտագնացություններ են կազմակերպվում, մարդիկ այցելում են եկեղեցի, մասնակցում ժամերգություններին և միմյանց մաղթում զորություն ու համբերություն՝ պահեցողության ընթացքը շարունակելու համար: