Այսօր՝ մարտի 26-ին, Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարետ Ուորդն առաջին անգամ պաշտոնական այցով Ախալքալաքում էր գտնվում։ Նա հանդիպել է հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը կազմակերպել էր «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ն Մեծահասակների կրթության կենտրոնի գրասենյակում։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ախալքալաքի և Նինոծմինդայի մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ խոսել են տարածաշրջանի խնդիրների մասին։

Քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են զբոսաշրջության զարգացումը, սեզոնային աշխատանքը, գյուղատնտեսությունը, մունիցիպալիտետի զարգացումը, հասարակական կազմակերպությունների աշխատանքը նոր իրողություններում, զբաղվածություն, կրթություն և այլն։

Հանդիպումից հետո դեսպան Գարետ Ուորդը պատասխանել է Ախալքալաքի և Նինոծմինդայի ԶԼՄ-ների հարցերին, որոնք վերաբերում էին նոր օրենսդրությամբ հասարակական կազմակերպությունների գործնեությանն ու աջակցությանը:

«Շնորհակալ եմ ընդունելության համար Ախալցիխեում և Ախալքալաքում։ Սա ինձ համար շատ հետաքրքիր հնարավորություն է, ուզում եմ ընդգծել, որ Մեծ Բրիտանիան աջակցում է հասարակական սեկտորին, ոչ առևտրային կազմակերպություններին, և կարծում եմ, որ շատ կարևոր է աշխատել ոչ միայն Թբիլիսիում՝ մայրաքաղաքում: Ես տեղեկացված եմ, որ այստեղ ակտիվություն կա, դա ակտիվ երիտասարդությունն է, զբաղվածության ծրագրերը, սա ԶԼՄ-ների և բնակչության մասին տեղեկատվություն է, և այս բոլոր ուղղությունները, մենք կարծում ենք, օգտակար մասն են ցանկացած ժողովրդավարության՝ Մեծ Բրիտանիայում կամ Վրաստանում: Ինձ շատ է դուր գալիս այն միտքը, որ «Բազմազգ Վրաստան» ալիքը զարգանում է։ Ի դեպ, Մեծ Բրիտանիան նույնպես բազմազգ երկիր է, 4 տարբեր ազգեր, լեզվական իրավիճակ։ Օրինակ՝ Ուելսում դպրոցում երկլեզու են սովորում, միաժամանակ երկու լեզու։ Ես լսել եմ, որ այս մոտեցումը նույնպես մշակվում է այստեղ և կարծում եմ, որ դա շատ օգտակար է: Իհարկե, կան խոչընդոտներ, մենք չենք գտնում, որ նոր օրենսդրություն է պետք ոլորտը վերահսկելու կամ սահմանափակելու համար, ոլորտը պետք է ազատ գործի։ Ես հաճախ եմ խոսում կառավարության, կենտրոնական և մարզային մակարդակի իշխանությունների, քաղաքապետարանների հետ և ասում եմ, որ շատ կարևոր է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ։ Տեղեկություններ կան Եվրոպայից, կան առաջարկներ, թե ինչպես կարելի է օրենքը կազմակերպել, որ թափանցիկություն լինի, այս ոլորտը գործակալ չէ, երկրի շահերին հակառակ աշխատող ոլորտ չէ։ Սա ժողովրդավարական երկրների կարևոր մասն է»,- ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարետ Ուորդը:

Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայի դեսպանն եղել է նաև Ախալցիխեում և խոստացել է հաջորդ անգամ այցելել Նինոծմինդա։