
Այսօր՝ մարտի 26-ին, Մեծ պահքի Միջինքի օրը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը:
Տարիներ առաջ ձեռնարկված այս գեղեցիկ նախաձեռնությունը վերածվել է սպասված ավանդույթի, որն իր շուրջն էր համախմբել բազմաթիվ մարդկանց, Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր բնակավայրերից։
Փառատոնին ներկայացված էին շուրջ 50 գաթա, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստել էին Ջավախքի կանայք: Իրենց գաթաներով էին ներկայացել Ախալքալաքի տարբեր հաստատությունները ներկայացնող կանայք ու աղջիկներ:
Այսօր Միջինք է։ Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը:
Ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Ըստ ավանդության՝ այդ օրը Ջավախքում նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս` հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին:
Նշենք, որ Մեծ պահքը մեկնարկել է մարտի 3-ից։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեն:
Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը «Հայկական գաթա» փառատոնին մասնակցելու, հայկական ավանդույթները պահպանելու և տարածելու համար շնորհակալագրեր փոխանցեց բոլոր մասնակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել համեղ ու գեղեցիկ գաթաներ պատրաստելու համար։