
Այսօր՝ մարտի 26-ին, Ախալքալաքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ գրող Յուրա Գյուլբեկյանի գրքի ներկայացումը։
Ծնունդով Վաչիան գյուղից երիտասարդ բանաստեղծ Յուրա Գյուլբեկյանը ներկայացրեց իր առաջին գիրքը՝ «Ախպեր» վերնագրով։ Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի գրադարանի տնօրենը և գյուղերում գործող գրադարանների աշխատակիցները:
«Սա իմ առաջին գիրքն է, որը լույս է տեսել Երևանում։ Այս գիրքը նման չէ մյուսներին», – ասաց Յուրա Գյուլբեկյանը։
Հանդիպման ընթացքում ներկաներին ծանոթացրեց իր գրքի մանրամասներին։ Գրքում ամփոփված է Ջավախքի Վաչիան գյուղում բնակվող Յուրա Գյուլբեկյանի երգերի և չափածո երկերի ժողովածուն, պարզ լեզվամտածողությամբ և կյանքի խոհական ընկալումով։
«Ախպեր» գիրքը լույս է տեսել 200 օրինակով, այն տպագրվել է մոսկվայաբնակ գործարար ծագումով Ջավախքի Վաչիան գյուղից Արամ (Լևոն) Մանուկյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Ներկայացման ավարտին բոլոր ներկաներին հեղինակն անձամբ նվիրեց իր առաջին գիրքը: